Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժողովրդի ոգին խտացնող անհատների աշխարհավերաբերմունքային կերպ ու վարքագիծ։

Էպիկականության առանձին տարրեր կային նաև «Մթնաձորում», սակայն դա գեղարվեստականության հիմնական որակ դարձավ «Սև ցելերի սերմնացանի» պատումներում։

«Սև ցելերի սերմնացանի» պատումների փիլիսոփայական լայն բովանդակությունը հայ ժողովրդի պատմական մաքառման և պատմական լավատեսության, նրա ազգային խառնվածքից անբաժան այդ վճռական գծերի արծարծումն է՝ հասցված դարաշրջանի գադափարական խնդիրների բարձրությանը։

Բովանդակության այդպիսի հարուստ կարելիություններ է կրում, օրինակ, «Լառ-Մարգարը»՝ հայոց գյուղերի ավանդական ջրվորի պատումը։ Լառ-Մարգարը կյանքի դժվարին ճանապարհներ է անցել՝ «ճամփի փոշին իր մազերի վրա»։ Այդ հարկադրական թափառումների ընթացքում նա շատ բան է կորցրել իր ունեցվածքից, սակայն անխաթար է պահել հոգեկան աշխարհի ամենաթանկ արժեքը՝ տոկունությունը, որի հրաշագործ ուժով իր կորուստներից հետո անգամ նա նորից-նոր վարել է հայրենի հերկը, նորից ապավինել է գութանին՝ այն բարձր գիտակցությամբ, որ ժողովրդի ապագան գտնվում է նրա զավակների ձեռքին։ Հարազատ օջախի ավերումը, սիրելի մարդկանց կորուստները, գաղթի ճամփաներին վրա հասած չարչարանքները մի ակնթարթ անգամ չեն բեկել նրա բնավորությունը։ Նրա դիմադրողականության սկզբնաղբյուրը, ինչպես մեկնաբանում է Բակունցը, եղել է սերը դեպի արդար աշխատանքը։

Հայրենի գյուղը նա թողեց աշխատանքի ամենատաք ժամին. «Կտավատը կապույտ ծաղիկներն էր բացել, ծիրանն արդեն դեղնել էր։ Վար էր անում, արորը փափուկ հողում ամռան ցելի ակոսներն էր ծրում։ Երբ մի անգամ էլ դարձավ, աչքն ընկավ արահետին։ Մասրենու մոտ պառավը կանգնել, ձեռքով էր անում։

— Գեղը խռովտուք կա, մարդ,—կանչում էր պառավը։

Եզներն արձակեց, արորը հողի մեջ խրած թողեց»։

Կիսատ թողած վարը Լառ-Մարգարի կյանքի թերևս ամենաողբերգական կետն էր։ Այդ դառն հիշողությունն էլ բազմապատկում է նրա աշխատանքային եռանդը արդեն ներգաղթի գյուղում։ Լառ-Մարգարը հույսի և կարոտի, տոկունության և բարության հայկական խառնվածքն է։ Այդպիսին է նաև նրա տոհմածառի մյուս անդամը՝ սրնգահար Հազրոն՝ «Ծիրանի փողը» պատմվածք-հիշատակարանից։

Հազրոյի կենսագրությունը ևս ձևավորվել է ողբերգական հանգամանքներում,