Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զինվորականը կրունկը մեխած սապոգը կրծքին զարկեց, կրծքի տախտակը զնգաց պարապ կարասի պես։ Քթից արյուն եկավ, և երբ երկրորդ անգամ սապոգով խփեցին, խիճը ճղեց Մարգարի բութ մատը։

Բահով առուն մաքրելիս հիմա էլ երբ Մարգարի աչքին է ընկնում բութ մատի սպին, մատերն ավելի պինդ են սեղմում բահի կոթը, բայց զայրույթն անցնում է, երբ միտն է բերում շեղջակույտի վրա դրած քարը։

— Կմնա՞ դեռ, քամին չմաշե՞ց, չգողցա՞ն։— Շատ կտար Լառ–Մարգարը, թե հարցին պատասխան տվող լիներ։

Երբ վրանները հավաքեցին, և վրանների տակ ծվարած ժողովուրդը ուրիշ երկրների ճամփան բռնեց, Մարգարն էլ շալակեց մնացած կապոցները, Թորոսիկի ձեռքը բռնեց։

Մարգարի շալակին՝ կնոջ աղլուխի մեջ ծիրանի կորիզներ կային։ Գյուղի ծիրանուտում մի ծիրանի կար, պտուղը մեծ ու համեղ։ Պառավն այդ ծիրանի կորիզներն էր հավաքել, պահել, որ գալ տարի տնկի տան առաջ։ Ծիրանի կորիզներն էլ պառավի հետ ճռնչան սայլի վրա շաբաթներ էին լուսացրել մինչև հեռավոր ավազուտները։

Երբ վրանները հավաքեցին և հեռացան, Մարգարը երկու միտք ուներ՝ Թորոսիկին պահել և ծիրանի կորիզները պահ տալ մի ապահով հողում:

3

Տարիներ անցան։ Մի տեղ չգտավ Մարգարը, որ շունչ առներ։ Հեղեղի բերանն ընկած մրջյունի պես վեր ու վար էր անում, մագլցում մի ծղոտի վրա, բայց հեղեղը ծղոտն էլ էր քշում, մրջյունին էլ։

Մարգարն աշխատում էր, զրկում իրեն և բերանի պատառը պահում Թորոսիկի համար, որ պապի թևի տակ մեծանում էր։ Մի օր էլ Թորոսիկը շոգենավի տախտակամածի վրա ելավ։

Պապն էլ էր, ուրիշ հարևաններ էլ, որոնք Կավալայի մոտերքն էին ապրում վրանների տակ, պատմում անցած-գնացած առասպել-օրերից, ցերեկով աշխատում ագարակներում, նավահանգստում, քաղաքում։

Մարգարն ուրախ էր, երիտասարդացել էր։ Եվ երբ Թորոսիկը հարցրեց, թե՝

— Պապե, նավը մեզ ո՞ւր պիտի տանի,—

Մարգարը նայեց թոռան կայտառ աչքերին, աչքերի մեջ տեսավ անհետ կորած որդու պատկերը և զսպելով իրեն՝ ասաց.

— Մեր երկիր, յավրիս...