Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նույն ծառի միանման տերևներն են։ Դրա համար էլ խառնվում է ծերունու հիշողությունը։ Գետն աղմկում է առաջվա հանգով, նույն քարերն են և նույն քարե արծիվը։

Քանի՜ սերունդ է ապրել Բասուտա գետի մոտ, կարկատած թաղիքները փռել ցեխերի վրա, եղեգնով պատել վրանները, և ամեն գարնան, երբ Կաքավաբերդի լանջին բացվել է ալպիական մանուշակը, այծ ու ոչխարը քշել են բերդի լանջերը, պարկը պանրով լցրել ու ձմեռը կրծել կորեկ հաց և այծի պանիր։


* * *

Արև մի կեսօր Կաքավաբերդի քարափով բարձրանում էին երեք ձիավոր։ Ոչ միայն զգեստից, այլև ձի նստելուց երևում էր, որ առաջին երկու ձիավորը քաղաքի մարդիկ են և չեն տեսել ո՛չ Կաքավաբերդը, ո՛չ նրա քարափը։

Երրորդ ձիավորը նրանց ուղեկցում էր, և մինչդեռ առաջինները պինդ բռնել էին ձիերի բաշից, համարյա թե կռացել՝ հավասարակշիռ մնալու,− վերջին ձիավորը քթի տակ մռմռում էր մի երգ, մելամաղձոտ ու հուսահատ, ինչպես ամայի ձորը, տխուր քարափը և հեռավոր գյուղը։

Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես մեկ ետ էր քաշվում, երևում էին պարիսպները, մեկ ծածկում էր կատարը։ Առաջին ձիավորը աչքը պարիսպներից չէր հեռացնում։ Նրա գլխում բերդի պատմությունն էր, մագաղաթյա մատյաններում գրած խոսքերը իշխանական օրերի մասին, երբ զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքի առաջ և ավերից դարձող նրա համհարզները ճոճում էին նիզակները։ Ակնոցի արանքից նրա ուսյալ աչքերը տեսնում էին զրահավորներին, մագաղաթյա մատենագրին՝ եղեգնյա գրչով նրանց գովքը հորինելիս և նա լսում էր հնօրյա ձիերի դոփյունը։ Ինչ դժվար էր նրա համար քարափը, որով քարայծի նման մագլցում էին երբեմնի տերերը։

Երբ հասան վրաններին, առաջին ձիավորը շարունակեց ճանապարհը։ Նա փնտրում էր հին ճանապարհը և չէր տեսնում վրանների առաջ, մոխրի մեջ խաղացող կիսամերկ երեխաներին, այծերին, որոնք զարմանքից վեր ու վար էին անում գլուխները։

Ֆետրե գլխարկով երկրորդ ձիավորը Կաքավաբերդի գլխին հնություններ չէր որոնում։ Նրա ամբողջ հարստությունը ծոցի հաստ տետրն էր և սրածայր մատիտը։ Հերիք էր աչքն ընկներ մի դեմքի, տեսներ