Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տղան տուփը թափահարեց, վրանի առաջ պառկած շունը կուլ տվավ մսի կտորները և լիզեց քիմքերը։ Ապա դատարկ տուփը ձեռքին նա վազեց երեխաների մոտ, նրանց ցույց տալու սպիտակ թիթեղյա տուփը, որ չտեսած նորություն էր այդ քարափների վրա։

Կինը նստել էր օջախի առաջ, հաճախ բարձրացնում էր թեյամանի կափարիչը և նայում տաքացող ջրին։ Նա խառնում էր կրակը, աթարներն իրար մոտ քաշում և երբ ծուխն ամպի պես բարձրանում էր ու դուրա գալիս վրանի եղեգնյա պատերի արանքով, կինը, աչքերը մուխից պահելու համար, ձեռքը բռնում էր ճակատին։

Ֆետրե գլխարկով մարդուն օջախի մոտ նստած կինը, որի երկար զգեստի տակ պարզ երևում էին նրա ծնկները, թվում էր քրմուհի՝ եռոտանու առաջ ծխի շարժումները գուշակող։

Այն կինը երբեք բոբիկ ոտքերով չի՛ քայլել, չի՛ նստել մխացող աթարի առաջ։ Առավոտյան ծովը բրոնզե հալոցքի պես տարուբեր էր լինում և լիզում ափերի կրաքարերը։ Ծովափին սև թավիշե գլխարկով կինը հովանոցի ծայրով ավազի վրա նշաններ էր անում և ավերում։ Իսկ ինքը ջարդում էր ձեռքի չոր ճյուղը, մանրիկ փշուրներ անում, և երբ ալիքները կաթիլներ էին ցողում նրանց ոտքերին ու ետ վազում, ալիքներն իրենց հետ տանում էին չոր ճյուղերի փշուրները։ Այն կինը ծովափին խոստումի բառեր ասաց, աշխարհը թվաց լայնարձակ մի ծով և սիրտը ձուլվեց ծովի հետ։

Հետո ուրիշ օրեր եկան։ Այնքան պատահական եղավ ճամփաբաժանը և այնպես պարզ։ Մտքի մեջ մնացին մի զույգ մանիշակագույն աչքեր, գորշ գույնի վերարկու և հովանոցի ծայրը, որով կինը ավազի վրա խոստումներ էր գրում և ավերում։

Թեյամանի մեջ ջուրը եռաց, կափարիչը ձայն հանեց։ Կինը կողովից հանեց պնակները և ծաղկավոր բաժակները շարեց սփռոցի վրա։ Երբ նա կռացավ սփռոցի վրա, թիկունքից ծամը թեքվեց, կախվեց ուսն ի վար Ծովափի կինը կարճ խուզած մազեր ուներ և սպիտակ պարանոց, որի բարակ մորթու տակ երևում էին կապույտ երակները։ Տղան դատարկ տուփը ձեռքին ներս վազեց։ Վրանի դռնից մի խումբ մանուկներ զարմանքով նայում էին խսրի վրա նստած հյուրերին։ Որքան մեծ եղավ տղայի ուրախությունը, երբ նա ստացավ երկրորդ տուփը։ Այս անգամ նա դուրս չվազեց, այլ նստեց խսրի վրա, մայրը նրա համար ևս թեյ լցրեց, իսկ ֆետրե գլխարկով մարդը շաքարի մի մեծ կտոր գցեց տղայի բաժակը։

Տղան զարմացավ և երբ շաքարից պղպջակներ բարձրացան թեյի երեսը, նա մատը կոխեց բաժակի մեջ՝ շաքարը բերանը տանելու։ Թեկուզ