Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց նա էլ Լառ-Մարգարի նման հանդես է գալիս իբրև հայ ժողովրդի մաքառման և հույսերի տարերքը մարմնացնող վեհ անձնավորություն, որն իր ծիրանի փողով հնչեցնում է հաշտ ու խաղաղ մարդկության երազային նվագները և դրանք թարգմանում հետևյալ խոսքով. «Հաղ մը երթամ տեսության մըր քարերին, մըր ձորերին, մըր Մարութա բանձր սարին։ Առնիմ զիմ ծիրանի փող, ժողվիմ մարդերու, նստիմ անուշ խոտերու վրեն, հանց գառներ մարդիկ նստեն զիմ չորս բոլոր, երգեմ էնոնց խաղաղության զիմ երգեր, մարդիկ հալալ–զուլալ ախպրտոց պես գրկեն զիրար, չեղնի ոչ տեր, ոչ մշակ, ոչ թուր, ոչ բռնություն»։

Սրնգահար Հազրոն ևս, ինչպես բակունցյան շատ հերոսներ, մեկնաբանվում է իբրև ժողովրդական ստեղծագործության բանահյուսական խոր արմատներին հավատարիմ էպիկական բնավորություն, որը կոչված կյանքի դրամաներից կառուցելու կյանքի էպիկական ներդաշնակությունը։

Այս աշխարհայացքի յուրովի անդրադարձումներն են «Նամակ ռուսաց թագավորին», «Եղբայրության ընկուզենիները», «Սպիտակ ձին», մեկը մեկից ուժեղ պատումներ, որոնց մեջ Բակունցը ներկայացնում է այն գեղջուկներին, որոնք անգամ ամենածանր պայմաններում երևան են բերում խոր մարդկայնության, ասպետական վարքագծի, ազնվական վերաբերմունքի հատկություններ։

«Նամակը...» պատմում է հայ գեղջուկներից մեկի՝ Արթին ապոր, հույսի ու նվիրման, հոգեկան չարչարանքի ու մաքառման հավատի պատմաթյունը։

Կյանքի երկար և իմաստուն ճանապարհ անցած Արթին պապը թեև շատ չարչարանքներ է կրել, սակայն նրա մեջ երբեք չի մթագնել հավատը դեպի մարդը։ Այդ հավատով է նա ապրում երկնքի տակ, ինչպես և իր խղճով ու սահմաններ չճանաչող մարդասիրությամբ, բարոյական այն արժույթներով, որոնք ամրացրել են նրա բնավորությունը։

Անգամ ամենադաժան փորձության ժամանակ՝ թագավորին գրած նամակից հետո, հոգեկան և ֆիզիկական չարչարանքների մեջ Արթին ապերը դարձյալ մնում է նույն մարդասերն ու արդարամիտը, ինչպես եղել է ամբողջ կյանքում։

Ներկայացնելով «թագավոր-նամակ» հարաբերությունը, Բակունցը շարադրում է հայ գեղջուկների կործանման ողբերգական ընթացքը, որը նշանակում է հույսի և հավատի անվերադարձ փլուզում։ Արթին ապերը թեև դառնում է իր միամիտ հավատի, իր նամակի զոհը, այդուամենայնիվ անգամ մահվան եզրին նրա էության մեջ վերակրկնվում են հույսի ապրումները («Մինչև վերջին րոպեն միամիտ ծերունին հավատում էր,