Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Իրիկնացավ։

Նույն ճանապարհով վրանների կողմն էր բարձրանում մի մարդ, գոտկում՝ պողպատե փայլուն մանգաղը։ Բեզարած էր մարդը, ամբողջ օրը հնձել էր կարճ ցողունով կորեկ և մեջքը ցավում էր։ Դրա համար էլ նա դանդաղ էր բարձրանում, մահակը դեմ տալիս քարին, երբեմն կանգնում շունչ առնելու։ Երբ կանգ էր առնում, նրա կորացած ծնկները դողում էին։

Հնձվորը ցերեկվա մարդն էր, որին երրորդ ձիավորը պատմել էր բերդի գանձերի մասին։ Իր արտից նա տեսավ ձիավորներին, և նրան թվաց, թե ձիու թամբին կապած պայուսակներում հենց այն գանձերն են, որ հարյուր տարիներ մնացել են քարի տակ, որի վրա ինքը շարունակ նստել է, երբ բերդի ավերակներում պահում էր այծ ու ոչխար։ Այդ մի՞տքն էր նրան զայրացրել, թե հոգնությունը,– մարդը մռայլ էր, որպես իրիկնապահին անտառում որսի դուրս եկող սոված արջը։

Նա հասավ առաջին վրանին, ոտքով զարկեց շանը, որ պոչը շարժելով առաջ էր վազել տիրոջը դիմավորելու, ապա գոտուց մանգաղը հանեց, շպրտեց մի անկյուն, փայտը դրեց օջախի մոտ և լուռ նստեց խսիրի վրա։

Օջախը մխում էր։ Թեյամանում եռում էր տաք թեյը։ Ծալքատեղում բարձի վրա երկու կտոր շաքար կար։ Հնձվորը դեռ տրեխները չէր հանել և գուլպաներից թափ չէր տվել կորեկի փնջերը, երբ սուրմաների զրնգոցով, երկար զգեստի ծալքերն իրար քսելով, ներս մտավ նրա կինը, կնոջ փեշից կախված տղան, կոնսերվի երկու դատարկ տուփ ձեռքին։

Տղան դեպի հայրը վազեց, տուփերը ցույց տալու։ Հայրը հասկացավ, որ ձիավորները նստել են իր խսիրի վրա։ Տղան ցույց տվեց և արծաթ դրամը, որ տվել էր նրան մի բարի քեռի։

Հայրը ոտքով դեն հրեց որդուն էլ, դատարկ տուփերն էլ։ Գլորվեցին տուփերը, տղան էլ գլորվեց։ Ապա տղան ցատկեց և վազեց տուփերի հետևից։ Երկու տուփը ձեռքին նա փաթաթվեց մոր փեշերին և սկսեց լալ։ Հայրը ձայնը մեղմացրեց, տղային կանչեց, խնդրեց նրա արծաթ դրամը։ Տղան արցունքների միջից ժպտալով մոտեցավ հորը, դրամը բռի մեջ։ Ապա նա պատմեց, թե հյուրի ծոցում կար մի փայլուն իր, մեջը սպիտակ թերթեր։ Արծաթ տվող մարդը մոր պատկերը հանեց թերթի վրա և դրեց ծոցը։