Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մանավանդ ձմեռը հյուրն անպակաս էր։ Ով էլ լիներ, ինչ գործով էլ գար, մի օրվա փոխարեն պապս նրան պահում էր երկու, երեք օր։ Եթե հեռու գյուղերից իր վաղեմի ծանոթը, կամ թուրք «քիրվան» նրան տեսության էր գալիս, մեր տունը դառնում էր հարսանքատուն։ Նստում էին մինչև աքլորականչը, պատմում անցած օրերից, վերհիշում մեռած մարդկանց, վաղուց եղած դեպքեր ու վաղեմի պատմություններ։

Մենք էլ էինք նստում այնքան, մինչև քունը հաղթեր, գլուխներս հենեինք քուրսու թախտին, մինչև տատը բոթեր մեզ, զարթեցներ ու վեր կենայինք, որպեսզի վերմակի տակ մի քիչ էլ լսեինք նրանց զրույցը։

Պապս այնքան էր պատմել իր գլխով անցածը մեզ և հյուրերին, որ հենց խոսքի կծիկը հետ տար թե չէ, մենք պիտի իմանայինք, թե ո՞րն է պատմում՝ այն, ինչ եղավ գյուղի ավերակ մատուռում, երբ ջահել ժամանակ պապս ընկերների հետ գրազ էր բռնել, գիշերով գնացել փափախը դնելու մատուռի ներսը, ու մի աղվես դուրս էր թռել, վախից պապս գյուղի ճանապարհը կորցրել և մինչև լույս բոստաններում պտույտ էր տվել,—թե ինչպես սարում գայլերը հարձակվել էին ձիու երամակի վրա, ինքը պահվել էր ձիերի արանքում և մի կերպ ազատվել։

Պատմությունն անելիս պապս միշտ կամ ջահել օրերին էր երանի տալիս, կամ էլ առանձին շեշտով խոսքը վերջացնում․

— Աշխարհքս միշտ կմնա, ասա մարդը սևերես չմնա...

Աշխարհի չար ու բարուց անտեղյակ, միամիտ երեխաներ էինք։ Մեզ համար ամենից հզորն ու սարսափելին գյուղի գզիրն էր։ Տանուտերը, որը նստում էր հարևան գյուղում, մեր գյուղի գործերը տեսնում էր գզիր Իբիշի ձեռքով։ Մեկ էլ գզիրը տնկվում էր կտուրի վրա կամ կռանում էր երդիկից կանչում.

— Քյոխվից հրաման կա... Տերության խարջը երեք օրում ուզում են։ Չտվողին՝ Սիբիր։

Եթե հրամանը հասարակ էլ լիներ, Իբիշը խոսքը վերջացնում էր սպառնալիքով։ Ոչ մի խնդիր և ոչ մի աղերս չէր կարող փափկացնել նրա սիրտը։

— Ուզում ես թագավորի հողից ինձ քոչացնե՞ն... Չէ՛, չէ՛, բե՛ր։ Ես ի՞նչ պատասխան պիտի տամ քյոխվին։ Ուզում ես խալխի մեջ ինձ խայտառակ անի՞։ Բե՛ր, թե չէ Սիբիր հա՜...

Գզիր Իբիշը մեզ սարսափելի և հզոր էր թվում, որովհետև պապս, որ մեր աչքում անվախ մարդ էր, գայլ ու գազան տեսած,–նա էլ էր խեղճանում, երբ գզիրը կանչում էր երդիկից, կամ թե երբ դարբասի