Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քարին նստած ժամանակ գզիրը մոտենում էր և չոր ու կոշտ հայտնում տանուտերի հրամանը։

− Մեր տան կերած աղ ու հացը քոռացնի աչքերդ, Իբիշ...

Պապս էր ասում այդ խոսքերը, երբ դպիրը հեռանում էր այնքան, որ չլսի ասածը։

Եվ ամեն անգամ, երբ գար ու գնար Իբիշը, պապիս ժպիտը կորչում էր, մոռանում էր մեզ էլ, տունն էլ, եզն ու կովն էլ։ Ամեն մի այցից հետո նա խոր թառանչով ասում էր.

− Ախ, Եգոր, մի էստեղից դուրս գայիր... Յարաբ աչք ա լինելու քեզ տեսնեմ...

Այդ որ ասեր, մենք էլ էինք տխրում, չնայած մեզնից ոչ ոք չէր տեսել մեր քեռի Եգորին, որին տարիներ առաջ աքսորել էին։

Նրա աքսորման մասին հակասական պատմություններ կային, որոնցից ոչ մեկը ճշմարիտ չէր։ Գիտեինք միայն, որ քեռիս զինվոր եղած ժամանակ ընդդիմացել է և իբրև թե հրացան է քաշել հրամանատարի վրա։ Մեզ համար մութն էր այդ պատմությունը․ չէինք տեսել ո՛չ նրան, ո՛չ էլ գիտեինք այն երկիրը, որտեղ, ինչպես պապս էր ասում, «ամառ-ձմեռ ձյուն է»։ Իր որդու մասին պապս մեզ հետ չէր խոսում, և եթե ձմռան գիշերներին քուրսու մոտ նստած հյուրերից մեկն ու մեկը պատահմամբ կամ անզգույշ հարցով հիշեցնում էր նրան այդ մասին, պապս «է՜հ» էր անում, ուսերը թոթվում և մի քիչ լուռ մնալուց հետո շարունակում զրույցը։

Այդ դեպքը մի ստվեր էր մեր լույս օրերի վրա։ Մեծերը տխրում էին, տատս արտասվում էր, երբ նայում էր սնդուկում պահած որդու գուլպաներին։ Եթե մենք նրան հարցնեինք, թե հեռո՞ւ է քեռին, նա պատասխանի փոխարեն պիտի կռանար, համբուրեր մեզ, մի-մի բան էլ ձեռքներիս դներ։

Ամիսներով մոռացվում էր այդ պատմությունը։ Վարուցանքի հետևից էինք ընկնում, աշխատում էինք լուսաբացից մինչև իրիկուն և մեզ թվում էր, թե մեր ընտանիքում ոչինչ չի պատահել և մեր տան գլխին չի ծանրացել ոչ մի հոգս։

Սակայն անհայտ աղբյուրներից երբեմն լսվում էին լուրեր, մանավանդ հարևան գյուղերում և այնտեղից էլ այդ լուրերը, որպես շշուկ, հասնում էին պապիս ականջին։ Մերթ ասում էին, որ նրան տեսնող է եղել և ուրիշի անունով ապրում է այսինչ քաղաքում․ պապս ձի էր նստում, գնում լուրը ստուգելու և հուսահատ վերադառնում։ Մերթ պատմում էին, թե