Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տանուտերի ընտրությանը պապս չգնաց։ Ալա եզն այդ օրը տնքում էր, նրա պնչերից ծորում էր ժահրոտ լորձունք։ Պապս տաք մոխիր էր կապել եզան ճակատին, շոյում էր նրա մեջքը և փաղաքշական խոսքեր ասում։

Մի քանի օր անց, երբ հիվանդ եզը ոտքի կանգնեց, ու ոտքերը զգուշությամբ փոխելով սկսեց լիզել բակի քարերը,–պապս դարձյալ նստել էր իր սովորական տեղը, աչքը հանդից տուն դարձողներին։ Ու մեկ էլ երևաց գզիրը։

— Թազա պրիստավը քեզ էգուց առավոտ կանչել ա։ Վախտով էնտեղ լինես, թե չէ ասում են հերսոտն ա...

— Խեր լինի, Իբիշ...— հարցրեց պապս, տեղից վեր կենալով։

— Հաստատ տեղեկություն չունեմ։ Ինձ էդպես ա հրամայել։

— Ո՞վ։

— Թազա քյոխվան, Մուքելանց Առստամը։

Պապս էլ ոչինչ չհարցրեց։ Իբիշը հեռացավ։ Լավ նշան չէր Առստամի մասնակցությունը։ Նա հին հաշիվ ուներ պապիս հետ։

— Ինչե՞ր էր ասում բայղուշը,— հարցրեց տատս։

— Առստամը կանչել ա, թազա քյոխվան։

— Հը՞,— պապս նորից կրկնեց։

— Պատասխանը եկած չլինի՞,— ասաց տատս։

— Կարող ա։ Վախտն ա․ եկած էլ չլինի, հրես որտեղ որ ա կհասնի։ Համա ասեց պրիստավն ա կանչում։ Հը՞,—դարձավ նա մեզ։

Մենք հաստատեցինք, որ Իբիշն այդպես ասաց. և որպեսզի ավելի ստույգ իմանայինք, պապս մեզ ուղարկեց նրա մոտ մի անգամ ևս հարցնելու։ Գզիրը նախ մեզ վրա բարկացավ, թե չենք թողնում, որ հանգիստ հաց ուտի, ապա մեզ հայտնեց, որ պապիս կանչողը պրիստավն է, բայց ինքը հրամանը ստացել է Մուքելանց Առստամից։

— Հենց քու ասածն ա լինելու, Նազու աղջիկ,— ասաց պապս մեզ լսելուց հետո։— Երևի պատասխանը եկել է, կամ թե ո՞վ գիտի, թագավորի կողմից մի հարցմունք պիտի անի։

Քնելուց առաջ պապս ինձ պատվիրեց առավոտը կանուխ վեր կենալ։ Ես նրան պիտի ուղեկցեի և այնտեղ նրա ձին պիտի պահեի, մինչև պապս ներկայանար պրիստավին։

Ուրախությունս անչափ էր։ Ես պիտի տեսնեի հարևան գյուղը, պապիս թարքին նստած պիտի բարձրանայի սարի գագաթը, որ մեր բակից անչափ հեռու էր երևում։ Վերջապես ես պիտի տեսնեի պրիստավին։ Այս մտքի վրա ուրախությունս տեղի էր տալիս ահավոր երկյուղի։