Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աստիճանների վրա նստած գյուղացիները նրան տեղ տվին անցնի։ Հետո պապիս սև փափախը ծածկվեց դռների հետևը։

Ձիու սանձից պինդ բռնած, ես աչքս չէի հեռացնում փակ դռներից։ Երբեմն դռները բացվում էին, ներս ու դուրս էին անում պսպղան կոճակավոր մարդիկ, աստիճաններին նստած մարդկանցից ոմանք ոտքի էին կանգնում և նրանց խոնարհ գլուխ տալիս։ Իմ աչքին բոլորն էլ պրիստավ էին, ու ես չէի կարողանում ջոկել, թե նրանցից որն է ավելի մեծավորը։

−Պրիստավն էն է՞,−հարցրի ես կողքիս նստած մի գյուղացու, որի գլխին փաթաթած կեղտոտ շորի վրա և երեսին կային արյան չորացած կաթիլներ։

− Էն ուրյադնիկ Վասոն ա. պրիստավն օթախումն ա,—ասաց նա։ Ես չհարցրի, թե ուրյադնիկը պրիստավի ի՞նչն է։ Սակայն հետաքրքրությունս ավելի սաստկացավ։ Եթե ուրյադնիկը այդքան շատ ոսկի կոճակներ ուներ, ապա ինչեր կլինի պրիստավի հագին։ Իսկ թագավո՞րը...

Ինձ թվաց, թե սպիտակ տան ներսը մեկը գոռգոռում էր և ոտքը խփում գետնին։ Սանդուղքի քարին նստած մարդկանցից ոմանք իջան և կանգնեցին բակում։

Հանկարծ դռները բացվեցին, երևացին մի քանի ձեռքեր, իրար խառնված մարմիններ, անթիվ փայլուն կոճակներ և այդ ամենի մեջ պապիս ալեհեր գլուխը։

Ձեռքերն իջնում էին նրա գլխին։

Ու մինչև ես բարձր կանչեցի և ձիու սանձից բռնած վազեցի սանդուղքի կողմը,−պապս արդեն թափ էր տալիս փեշերը։ Վերևից մեկը ոտքով շպրտեց նրա սև փափախը։ Դռները նորից փակվեցին։

Մի քանի հոգի սիրտ արին ու մոտեցան մեզ։ Սակայն ոչ ոք ծպտուն չհանեց։ Իսկ երբ սանդուղքի վրա երևաց ուրյադնիկը, նրանք իսկույն հեռացան։ Պապս փոշոտ գլխարկը թափ տվեց ու դարձավ ինձ․

− Ձին պահի, բալաս... Պատասխանը չկա։

Բերանից արյուն եկավ։ Ես տեսա նրա ջարդված ատամը։ Արյունը թքի հետ խառնված կաթում էր նրա արխալուղի վրա։

Ձին մոտ քաշեցի։ Մեր գյուղացի մեկը օգնեց ինձ ու պապիս՝ ձին նստելու։

Մենք անխոս ճանապարհ ընկանք։

Պապս գլուխը կախել էր և ձախ ձեռքով բռնել ծնոտը։ Ես պինդ գրկել էի նրան, գլուխս հենել մեջքին։

Լսում էի ընդհատ շնչառությունը։

Նա հեկեկում էր։

Էլ չկարողացա ինձ զսպել, և արցունքներս, ամբարտակը պատռած