Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ջրի նման, ժայթքեցին դուրս։ Ես ավելի պինդ փաթաթվեցի նրա մեջքին։

Երեկոյան, երբ պապս, ատամների ցավից տնքալով, հազիվ լսելի պատմում էր, թե ի՞նչ եղավ ներսը, երբ ներկայացավ պրիստավին, երբ Մուքելանց Առստամը պրիստավի ականջին փսփսաց,− պրիստավը փրփրեց, հայհոյեց և ոտքը գետին տալով բղավեց.

− Ես քեզ ցույց կտամ, թե ինչ ասել է թագավորին նամակ ուղարկել։

Պապս իզուր էր փորձել թարգմանի միջոցով հայտնելու, թե ինքը ռուսաց թաղավորին նամակ է ուղարկել միայն իր որդու՝ Եգոր Ադամովի մասին։

− Բերանս բաց արի թե չէ, մի անգամ խփեց։ Աչքերս սևացան․․․ էլ միտս չի, թե ինչպես դուրս գցեցին․․․ Առստամը բեղի տակ ծիծաղում էր...

* * *

Այն օրից շատ տարիներ են անցել։ Պապս վաղուց է մեռել։ Նրա գերեզմանի հողը նստել է և թեք է ընկել գերեզմանաքարը։

Մինչև վերջին րոպեն միամիտ ծերունին հավատում էր, որ մի օր պատասխանը գալու է։ Երբ հիշում էր այն օրը, դեմքն այլայլվում էր և աղոտանում էր նրա հույսը։ Սակայն հետո նորից հուսադրում էր իրեն էլ, մեզ էլ։

− Նազու աղջիկ, ես մեռնում եմ։ Հուր հավիտյան պարտական մնաս, թե պատասխանն ստանալիս չգաս և իմ գերեզմանին իմաց չտաս,– ասել էր նա վերջին լուսաբացին։

Նրանից մի տարի հետո մեռավ և տատս։

Նազու աղջիկն էլ դատարկ ձեռքով էր պառկել նրա կողքին։ Ու նրա հետ թաղել էին և թղթի այն կտորը, որ իբրև թանկագին ավանդ, պառավը պահում էր սնդուկի մեջ։

Եվ այդպես էլ չիմացվեց, թե ինչ եղավ Եգոր Ադամովը։

...Շատ տարիներ են անցել։ Այդ անցյալը ինձ համար դարձել է հիշողություն, որ հետզհետե ընկղմվում է մոռացության անդունդը։ Միայն երբեմն աչքիս առաջ երևում է իմ Արթին պապի ալեհեր գլուխը, նրա կապույտ աչքերը և խեղճ ժպիտը։ Սակայն հանկարծ ավերվում է և այդ պատկերը, նրա ժպիտը դառնում է ցավ, և ծերունու ջարդված ատամից նրա արխալուղի վրա ծորում է արյունը։

1927−1930