Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԲՐՈԻՏԻ ՏՂԱՆ

Քամին հալածում է մառախուղի թանձր քուլաները։

Նրանք խրտնած ոչխարի պես փախչում են ձորերով։ Մառախուղի փեշերից ցցվում են պղնձագույն ժայռերի կոնուսները։ Քարափոր տներից կապույտ ծուխը ձգվում է դեպի վեր և լիզում խոնավ ժայռերը։

Լուսանում է. լեռան հետևից ելնում է արևը, մամուռից պոկվում են անձրևի կաթիլները և ջինջ արցունքի նման շողշողում։

Տերրասաձև բարձրանում են ժայռերը՝ մեկը մյուսից խոժոռ և ահռելի։ Ահա մեկը՝ ռնգեղջյուրի մռութը հառել է մի ուրիշի, որ նման է վիթխարի գորտի։ Նրանց մոտ մի ժայռ՝ կարծես ծագող արևի դեմ խոնարհվել է հեթանոս քրմուհին։ Նրանցից բարձր՝ քարե արծիվը ճիգ է անում թևերը թափահարելու և չի կարողանում։

Այս մեր գյուղի, մեր Գյունեյ թաղի թիկունքն է, մի խավար լաբիրինթ, որի խոր ձորերում բարակ առուն վշշում է փրփրած հեղեղի նման, ուր ծտի ոտքի տակից գլորված ավազը խուլ արձագանքում է։

Ավելի խորը Դրնգանն է, լռակյաց, հիվանդոտ և աղքատ մարդկանց բնակավայրը, ուր ամառվա երկար արևը հազիվ մի ժամ ջերմացնում է։ Տարին բոլոր այդ ձորերում ստվեր է, խոնավություն։ Մարդիկ ապրում են քարանձավներում և բարձրանում են քարե սանդուղքներով։ Ուռենու մամռոտած փչակով ժայռից ժայռ ջուր են բերել ու քարերի վրա բազմացրել ընկուզենի։ Հորդ անձրևին ավազախառն հեղեղը ահագին վշշոցով իջնում է ժայռերից, աղմկում, քամուց ընկուզենիները խշշում են, ձգում են արմատները և կռանում ձորի վրա։

Մեր Գյունեյ թաղն արևոտ է, գետի ափին։ Ճանապարհը ձգվում է գետի եզրով, անցնում կամուրջի հին կամարների վրայով և քարափի լանջով գնում դեպի քաղաքը։ Ջրաղացները սահմանն են։ Քարափի գլխին նավթի պահեստն է, որի ստորոտով ջուրը շառաչելով իջնում է ջրաղացների վրա։

Արևը չորացնում է ժայռերի խոնավությունը։ Տաք ու փափուկ գոլորշի է բարձրանում աթարի դեզերից, բակերից ու բոստաններից։ Անա զիզին փեշերը շաղաթաթախ, քաղում է կանաչ պոմիդորը, գոգը լցնում։ Շեմքի առաջ չոր խսիրի վրա մեկնվել է կատուն, մռռում է, աչքերը կիսախուփ անելով։

Անա զիզին կուզեկուզ բարձրանում է քարի վրա և կանաչ պոմիդորները շարում պատուհանի փայտերին, որ ավելի շուտ կարմրեն․․․