Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ։ Անորոշ է ձևը, բայց ձեռքերը այդ հարափոփոխ զանգվածին կերպարանք են տալիս։

− Էս ա հա՜,−և ճղփում է կավը, կարծես ճահճուտում բադ է կռնչում։ Թռչում են ցեխաջրի շիթերը։−Էս կուժն էլ պրծնեմ,−և տնքում է բրուտը, ամբողջ ուժով սեղմում կուժի ներսը,− վեր եմ կենալու․․․

Արդեն չարխի վրա ֆռում է կժի նման մի բան։ Ոսկրոտ մատներր սեղմում են վիզը և հլու կավը ձգվում է, բարակում է կժի վիզը։ Մնաց ունկը շինի և ոսկրով նախշի կողերը։

− Հե՜-հե՜-հե՜յ, Եգոր հե՜յ,− դմբդմբալով, պատեպատ գնում է նրա կանչի արձագանքը։ Բոլոր կժերը, դորակները գվգվում են։ Եգորը նրա հարևան բրուտն է, ապա լսվում է պատասխանը, կարծես արձագանքը ետ է գալիս՝ «հո՜ւ-հո՜ւ․․․»

− Անդո՛, վազի ասա գա, հաց ուտենք․․․

Ես մնում եմ մենակ։ Տեսնում եմ ինչպես է հագցնում ունկը, քարանձավի ճեղքից հանում է հին ոսկորները, որոնցով նրա պապերը դորակների և կժերի վրա գծել են նույն նախշերը։ Բրուտը ոսկորի ծայրը սրբում է թևով և գծում ո՜վ գիտի որպիսի քարանձավաբնակ մարդու խազ։

Իսկ չարխը շարունակ դառնում է։ Բրուտի աջ ոտքը իջնում է փոսը, բարձրանում, մարմինն օրորվում է։ Ապա հանկարծ չրխկում է մի բան, չարխը դանդաղում է, ձեռքերը պոկում են կուժը և բարձր պահում։ Այդ բոլորը տևում է մի ակնթարթ։

− Բարի վայելում,−նույն ակնթարթում ասում է բրուտ Ավագը և քարից բռնելով դուրս գալիս փոսից։

Գինի՞ պիտի խմեն այդ կժից, թե աղջիկը հարսանիքի ջուրը պիտի տանի և ո՞վ է այն հարսը, որ մեջքը օրորելով այդ կուժը պիտի կրի,− բոլորին, այդ անհայտ հարսներին և աղջիկներին է ասում բրուտ Ավագը պապերից լսած խոսքը։

− Հո՜-հո՜-հո՜,− հռհռում է Եգորը, փակելով մուտքը։ Նա հանկարծակի է հայտնվում, և հռնդոցը սարսուռ է մաղում ինձ վրա։

Արև ենք դուրս գալիս։ Չոր ցեխից տախտակ դարձած գոգնոցը թխկթխկացնելով, մեր հետևից լոք-լոք է անում Եգորը, կաղ ոտը քաշ տալով։

− Հը, բաջօղլի, Գյունեյ թաղը ո՞նց ա․․․ Մեռնողն ա շատ, թե ապրողը։

Ես աչքերս բարձրացնում եմ նրա կողմը և չեմ պատասխանում։ Նա նորից է հռնդում՝ «հո-հո-հո»,բայց արևի տակ սարսափելի չէ նրա ծիծաղը։ Խղճահարություն է իջնում ինձ վրա, երբ տեսնում եմ նրա գզգզված