Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գոգոլյան ռիթմով և կոլորիտով պատկերելով Աստաֆյան փողոցի «սոցիալական էությունը», որը մանրանկարի մեջ խտացնում է ժամանակի բարդ հակասությունները, Բակունցը հենց փողոցի ռոմանտիկական լուսապսակի մերկացումից էլ փաստորեն սկսում է քաղաքի «գիշերային այցելուի» երազանքների փլուզման նկարագրությունը։

Այդ մարդուն Բակունցը հանդես է բերում առանց անուն-ազգանվան, իբրև մարդու անկենդան դիմակ, իբրև «հոգևոր երևույթ»։ Գիշերային այցելուն տարօրինակ մենակյաց է՝ ներանձնացած իր կեղևի մեջ և սարսափած կյանքի անցուդարձից։ Այս «անանուն մարդը» ունի իր տարօրինակ երազանքների խարխուլ աշխարհը, իր պատրանքը։

Ո՞րն է նրա «անուրջների» բովանդակությունը. «Նա կփակեր փողոցի բոլոր մուտքերը կավե պատերով, կթողներ միայն մի դռնակ... Հավիտյան այդպես մնար այս փողոցը, բերդի պես դրսից անջատված խոր խրամատներով, կապույտ ծուխը բարձրանար վերև և ծխի միջից ինքը նայեր Արարատին և հիանար։ Թող ամբողջ աշխարհում թագավորեր երկաթը, և միայն այստեղ իշխեր կավը, քարը, փայտը։ Դրսից չհասներ ոչ մի հնչյուն, ոչ մի օտար աղմուկ և ոչինչ չվրդովեր նրա հանգիստը։

Անեղծ մնար պրովինցիան...
Այդ էր նրա ցնորքը»։

Պրովինցիայի պաշտպան անանուն հերոսի վերապրած ողբերգությունը նաև յուրովի վեճ է քաղաքակրթության դեմ, կյանքի նոր ձևերի դեմ. այդ հայացքը նրան դարձրել է մարդախույս ուրվական։

Այդ «հերոսի» հոգեկան աշխարհի վերջնական փլուզումը Բակունցը, ելնելով կյանքի տվյալներից, կապում է նույն Աստաֆյան փողոցի նոր կերպարանքին, «սայլային-հյուղակային» դարի դեմ տրամվայի կապտագույն ռելսերի սկսած հաղթարշավի հետ։

Պատմվածքի բազմանշանակ և խորունկ վերջվածքը հռչակում է բոլոր ողբասացների, հնապաշտների, հոռետեսների պարտությունը։

1936 թվականին, «Եղբայրության ընկուզենիները» պատմվածքի հետ, նույն շապիկի տակ, լույս տեսավ «Կյորես» երգիծական տարեգրությունը՝ հայ արձակի կոթողներից մեկը, այն պատումը, որն արժանացել է անվերապահ գնահատության։ Կ. Զելինսկին, օրինակ, «Ակսել Բակունց» հոդվածում «Կյորեսի» «խայթող ուժը» համեմատել է շչեդրինյան երգիծանքի հետ, ուրիշներն էլ համեմատության եզրեր են նշել Չարենցի պոեմանման երգիծավեպի և «Կյորեսի» միջև։ «Կյորեսն», արդարև, գեղարվեստական նշանակալից հուշարձան է հայ գրականության ընդհանուր