Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փռում քարերի վրա։ Նրանցից մեկը կռանում է, լվացքը լողլողում գետի մեջ, մյուսը քամու առաջ փռփռացնում է կապույտ, կարմիր լաթերը, և ապա մեկնում։ Առաջին կինը մոտենում է նրան, նա ձեռքերով ինչ-որ բան է ասում նրան։ Երևի անիծում է շանը։ Եթե այդ կինը բլրակի վրա լիներ, կտեսներ, որ շունը վերադարձել է, պառկել փակ դռան առաջ, իբրև հավատարիմ պահակ և լիզում իր ցաված ոտքը։

Սև ժապավենի նման սողում է գնացքը։ Ծուխը բարդ-բարդ ետ է գնում ու նստում դաշտերի վրա։ Շոգեմեքենան սուլում է. քամին բերում է նրա խուլ փնչոցը։ Երևի հիմա ուղևորները վագոնների պատուհաններին են սեղմել իրենց ճակատը և սպասում են, թե երբ կերևան կայարանի շենքերը։ Երևի կա մի աղջիկ, որի համար ամենից դժվարը այդ րոպեներն են։ Նա էլ ունի մի խրճիթ, որի դուռը փակել ու հեռացել է։ Պերրոնի վրա կդիմավորի նրան մեկը և աղջիկը սրտի դողով կբացի սիրո դռնակը։

Քամին խշշացնում է տերևները։ Չքանում է գնացքը... Փակում եմ աչքերս, և տերևների խշշոցը հիշեցնում է ինձ լուռ ընթերցանության ժամը դասարանում։

Դասարանում... Ծիրանի ծառը ստվեր է գցել տետրակիս վրա։ Արևի շողը փայլփլում է մատիտի ծայրին և արտացոլում եղունգիս վրա։ Մեկը բոթում է թևս.

− Մեծատառ Ժ-ն ո՞նց է։

− Է՜...

−Մի շվի կտամ։

− Այ, տե՛ս,− և ցույց եմ տալիս։

− Վերջին նստարա՛ն, լռությո՛ւն,− սաստում է ամբիոնին կռթնած ուսուցիչը։ Ճռռում են նրա կոշիկները։ Մենք թեպետ վայելչագրության տետրակի վրա գլխահակ ենք, բայց գիտենք, որ նա դեպի մեզ է գալիս։

Շատ է խանգարում ծիրանի ծառը, որ բուսել է մեր դասարանի միակ պատուհանի առաջ։ Երբ փչում է քամին, աղմկում է ծառը, ճղներով թրխկացնում պատուհանը։ Նրա ստվերն ու արևի դեղին բծերը թրթռում են իմ տետրակի վրա, օրորվում, ինչպես ջրածտի ճոճքը։

− Վազի՛ր, զանգը տուր,− և օրապահը թռնում է տեղից։

Սկսվում է ամենից զվարթ և աղմկալի երկու րոպեն, մինչև զանգը հնչի և վազենք բակը։ Բոթում ենք իրար, կսմթում, մի խոսքով ելք է ստանում հոգնությունից և ակամա լռությունից զսպված մեր մանկական զվարթությունը։

Այս չար ծիրանի տակ նստած, գարնան այս պայծառ օրը, երբ ՝