Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուրախ արևը մեղմել է քարերի մռայլությունը, ես գրում եմ իմ մանկության, ծիրանի ծառի և իմ ընկեր Անդոյի մասին, և ինչպես դեղին տերևները խշշալով փարվում են ոտքերիս և քչքչում, այնպես էլ երկու բարակ ձեռքեր ձգվում են դեպի ինձ և խնդրում․

− Ինձ էլ գրի՛ր։

Նուշիկն է։ Վիզը բարակ, դեղնած աղջիկը։ Նրա սև աչքերը խոշոր են ու տխուր։ Նա հաճախ է լաց լինում։ Հայր չունի, իսկ մայրը ուրիշների դռանը լվացք է անում։ Երբ ցրտում է, կամ խոնավ է գետինը, Նուշիկը ներս է մտնում, մրսած մատները գոգնոցի տակ։ Երբեմն նախաճաշ չի բերում, իսկ երբ բերում է՝ հաց է և խորոված կարտոֆիլ։

Նուշիկը մեզ հետ է լինում։ Մնացած աղջիկները վախենում են Անդոյից և նրան ձեռք չեն տալիս։ Մի անգամ Մաշոն (նրա հայրը նստում էր նավթի պահեստի առաջ և երբ հաճախորդ չէր լինում, նարդի էր խաղում «ռուսների» հետ),− Մաշոն մի անգամ դասարանում Նուշիկին ասաց, որ նրա մայրը լվացքից մի կտոր գողացել է։ Նուշիկն արտասվեց.

− Մամաս գող չի՛։

Ուսուցիչը ներս մտավ։ Դասն սկսվեց։ Իսկ Նուշիկի նիհար ուսերը ցնցվում էին։ Կուչ էր գալիս, կարծես մրսում էր։

− Մաշո՛,− ասաց դասամիջոցին Անդոն,− տեսնո՞ւմ ես էս դանակը։


Մաշոն տեսավ դանակը և արտասվելով վազեց ուսուցչի մոտ։

− Դու քեզ լավ չես պահում, Անտո՛ն... Փողոցային երեխայի նման ես։

Ուսուցիչը խլեց դանակը, իսկ մյուս օրը Անա զիզին եկավ մեր տունը։

− Աղջի, մեր ղմալթին ձեր տանը չի՞...

«Ղմալթին»,− կեսը ժանգոտ դանակ էր, կոթը ոսկոր։ Անա զիզին նրանով էր քաղհանում կոտեմի մարգը։

Անդոն Մաշոյին ցույց տվեց «ղմալթու» ծայրը և վախեցրեց

− Թե վարժապետին ասել ե՜ս...

Եվ Մաշոն վարժապետին չասաց։ Անա զիզին գարնանը ղմալթին փոխարինեց սուր ոսկրով։

* * *

Երեկո է. սարերի սպիտակ գագաթներից կապույտ ցոլք է բարձրանում։ Պարզ երևում է լեռնաշղթայի թելը։