Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Հորիզոն կոչվում է երկնքի և երկրի միացման գիծը...

Կրկնում եմ մտքիս մեջ այն, ինչ շատ տարիներ առաջ բարձրաձայն պատասխանում էի աշխարհագրության դասին։

−Դո՛ւ ասա, Անդո․․․

Անդոն կրկնում է։

− Նստի՛ր։

Ներս է մտնում ավագ ուսուցիչը։ Ոտքի ենք կանգնում։ Մինչև շաբաթվա վերջը թոշակ չբերողը կհեռացվի դասարանից։ Ավագ ուսուցիչը գլուխը բարձրացնում է, նայում լուռ դասարանին։ Ապա նա հեռանում է։ Կապույտ գլոբուսը պտտվում է աշխարհագրության դասատվի ձեռքին, և մենք խմբով կրկնում ենք․

− Երկրագունդը կլոր է՛...

Նուշիկն ուշանում է և «է»–ն ասում է առանձին՝ դողացող ձայնով։ Աղջիկները ծիծաղում են. Նուշիկը գլուխը խոնարհում է, իսկ վարժապետի քանոնը բարձրանում է, քանոնի հետ բացվում են մեր բերանները, և մենք նորից ենք կրկնում, որ երկրագունդը կլոր է։

Երեկոն կապույտ է։ Ծուխը ծալվեծալ փաթաթվում է ժայռին, ինչպես վայրի խաղողի որթը։ Ծխում է Դրնգանը, կրակները շարժվում են։ Այնտեղ մարդիկ իջնում են գետափի գոմերը։ Մի կով աղիողորմ բառաչում է... Գյուղը գիտե, որ բառաչողը Նարգիզն է, որի հորթը քարով է ընկել։ Կովը լիզում է հորթի խոտով լցրած մորթին և չի զգում անասնական ջերմություն։

− Անդո՜, բա թոշա՞կը։

− Թող նանը վերջացնի։

Անա զիզին կթում է բառաչող Նարգիզին, խոսում է նրա հետ, աղաչում, և կովը հանդարտում է, կարծես հասկանում է նրա լեզուն։

− Նանի՛։

− Հե՜յ։

− Բա թոշակն ուզում են։ Վարժապետն ասել է․․․

− Նանին քեզ մատաղ։ Նարգիզն էլ ցամաքել է, որ կաթը ծախենք։ Սպասի, հրես հերդ կժերը կտանի Գետերը։

Աշնանը բրուտները կուժ ու կարաս են տանում Գետերը և բերում են բրինձ, բուրդ, ցորեն։ Գետերը հեռու է, Չոլախ Եգորը պատմել է, որ այնտեղ բուսնում է բամբակ, որ բրնձի արտերում թևավոր օձեր կան, քարերի տակ՝ սև կարիճներ։


Երեկո է․․․ Քաղաքի փողոցները լույս են։ Խանութներում շողշողում են պղնձե սամովարներ, հայելիներ, ափսեներ։ Անդոն հոգնել է։ Ձեռքին