Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թաշկինակն է, մեջը թարմ ձվեր։ Վերջացել է վայելչագրության տետրը։ Իսկ ձվերը չեն առնում։

Հոգնած գնում է բարձր տների առաջով։ Մեծ լուսավոր պատուհաններ են։ Նրանք էլ են շողշողում ինչպես խանութները։ Այնտեղ ապրում են «ռուսներ», Մաշոն, խանութի տերերը։ Այս մեկը Ներսես բեյի տունն է, իսկ նրա կողքին ապրում է պրիստավը։ Նա շատ շներ ունի, բարակ, նիհար շներ, որոնք ամբողջ օրը քնում են և թռչկոտում են, երբ պրիստավը գնում է որսի։

− Այ տղա, ի՞նչ ես ծախում,− կանչում է մի ծանոթ ձայն։

Մաշոն է։ Աղջիկն իջնում է վերևից։ Դարբասի դուռը բացվում է։

− Էս իմ տյոտյայի տունն է։

− Քանի՞ ես տալիս ձվերը,— հարցնում է կինը։ Անդոն կարմրել է։ Նա չի ուզում, որ Մաշոն իմանա, թե ինքը ձու է ծախում։ Անդոն չի ուզում, որ դասարանը խոսի։ Իսկ ուսուցիչը պահանջում է վայելչագրության տետրը։

− Ձվերը ծախու չեն,− կտրուկ ասում է Անդոն և գլուխը բարձր պահած գնում է դեպի կամուրջը, դեպի մեր թաղը։

− Ես ուսումնարան չեմ գնում,− ասում է նա առավոտյան։ Բայց Անա զիզին թախանձում է, և նա գալիս է ինձ հետ։

− Անդո, նանին քեզ մատաղ, հրես հերդ կժերը կտանի․․․

* * *

− Հայոց «ժամը»։

Սպիտակ կամարներ և նկարներ՝ ոսկեզօծ շրջանակների մեջ։

Նուշիկի մայրը լալիս է... Մի քանի կանայք հեկեկում են, ինչպես կհեկեկան ուրիշի դագաղի վրա։

Մեր դասարանը երգում է տխուր երգեր, երկա՜ր, երկա՜ր...

Նուշիկի համար ենք երգում։ Աղջիկը ձեռքերը խաչել է, ինչպես թևերը ծալում է սառած թռչունը։ Գլուխը մի քիչ թեքել է և հանգիստ քնել։ Երեսը առաջվա դեղինն է, բայց գլխավերևը կարմիր ծաղիկներ են և սպիտակ մոմեր։ Ծաղիկների կարմիրը խաղում է նրա դեմքին, երբ թրթռում են մոմի կրակները։

Նուշիկի դագաղը հասարակ տախտակ է։ Վարպետը լավ չի ռանդել,– մեխը երևում է։