Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահա աստղերը... Նրանք մեծանում են, նրանք շարժվում են։ Նրանք աստղեր չեն, այլ դեղին ու սպիտակ գառնուկներ, որոնք ձիերից խրտնած փախչում են և զրնգում են նրանց պղնձյա զանգակները։

Աչքերս բաց եմ անում։ Մթնում է, ուրիշ սարեր են։ Մեր եկած տեղը ամպ է։ Երևի անձրև է մաղում մեր արևոտ թաղի վրա։

* * *

Քաղաքը տափարակի վրա է։

Դեպի արևելք, ուր մինչև հիմա էլ մնում են անհայտ շենքի ավերակները, տափարակը հանկարծ կտրվում է, կախվում խոր ձորի վրա, որի անդնդում մռայլ խոխոջում է մեր գյուղի գետը։

Տափարակը վերջանում է քարափի գլխին։ Ուղղաձիգ ժայռերի լանջով ընկնում է սպիտակ արահետը, որ տաք անձրևից հետո շողշողում է կրաքարի փայլով։

Միայն մարդիկ են անցնում այդ ճանապարհով։ Ոչ ոք չի կարող շալակին բեռ տանել այդտեղով։ Նեղ է, դժվարին կապեր, օձապտույտ կեռմաններ։ Իսկ ներքևը՝ ձորի երկու ափին այգիներ են՝ քարերի վրա, քարակույտերի մեջ։ Ձորը խոր է, ձորը տաք է... Մինչդեռ քաղաքի փողոցներում դեռ սևացած ձյուն կա,− ձորից տաք գոլորշի է բարձրանում և սառած օձերը պառկում են քարերի փափուկ մամուռի վրա։

Ձորն ահավոր է, ձորում ամայի տխրություն է։

Մի քանի քարափոր մարագներ կան, որոնց մեծ մասի դռները կանաչել են։ Նրանց տերերը վաղուց չկան, խոնավ քարայրները նրանց մահից հետո տաք հարդի շեղջակույտ չեն տեսել։ Մարագների առաջ հին թթենիներ են, դարձյալ անտիրական։ Ով սիրտ ունի, ոտքի ջլերը պինդ են, իջնում է կեռմաններով, թափահարում թթենին և քարերի վրա թափվում է սպիտակ, սև ու կարմիր թութը։

Այդտեղ են կարանները...

Բնական խոռոչներ են, որոնք խոր գնում են քաղաքի տակը։ Ո՜վ գիտե որտեղ է վերջը այդ մթին անցքերի։ Ամառվա շոգին այնտեղ սառն է, պատերը լպրծուն։ Բազմաթիվ ոսկորներ կան ներսը, ամբողջ կույտեր ժանիքների, ծնոտների, ողերի։ Դուք վառում եք կավե ճրագը և կռացած ներս մտնում, չոքեչոք գնում, քարերի վրայով մագլցում, կորչում քարի հետևը։ Դուք մեկնում եք ձեր ձեռքը մի դեղին կույտի, կարծում եք քար է, ձեր մատները խրվում են թաց ավազի մեջ, որ բարակ շերտով ծածկել