Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է ոսկորների կույտը։ Եվ ճրագի լույսի տակ շողշողում է վարազի փայլուն ժանիքը, ու սարսուռը քարայրի սառնության հետ թափանցում է ձեր ոսկորների մեջ։

Առաջներում քաղաքի տափարակը, մեր թաղերը, ամբողջ ձորը խիտ անտառներ են եղել, մթին խոռոչներ ու թավուտներ։ Մարդուց առաջ ձորերում ապրել են գազանները և քարայրները եղել են նրանց որջերը։

Արևը թեքվում է սարի հետևը։ Քաղաքում զարթնում է երեկոյան աղմուկը։ Զորանոցների կողմից լսվում է գիշերահավաքի փողի ձայնը... Բոլորովին մոտիկ կողպում են մի դարբաս։ Իսկ «ռուսաց ժամի» ոսկեփայլ գմբեթն ու խաչը դեռ լողում են արևի ալիքների մեջ։

Քարափի վրայով լայն ճանապարհ է, որ գալիս է հեռվի այգիներից, անտառից, մեր գյուղի ցրված հանդերից։ Գյուղի ճանապարհն է, որ թեև քաղաքի փեշով է անցնում, բայց չի տարբերվում գյուղի մյուս ճանապարհներից։ Նույն խոչն ու խութը, նույն քարերը, տաք փոշին, ջարդված հասկերը, չորացած խոտը և անասունների աղբը։ Նույնիսկ գետինը գյուղի հոտն ունի։

Այդ ճանապարհը միայն մեր գյուղինն է։ Առաջ, երբ քաղաքը չկար, երբ քարափի կարաններում ապրում էր գանգուր մազերով լիսեմնը, մեր ճանապարհը հեշտ էր և անցնում էր այնտեղով, ուր քաղաքի բուլվարն է և «ռուսի ժամը»։ Տարեցտարի ճանապարհը ետ է գցվել և եթե մի քիչ էլ քաղաքը հրեր, գյուղի ճանապարհը պետք է ընկներ հեղեղատի վրայով։

Ամառ երեկոները սպիտակ շորերով աղջիկներ ու տղաներ գալիս են ու քարափի վրա նստում։ Նրանք նվագում են մանդոլին, կիթառ, նրանք երգում են ռուսերեն, ապա բարձր ծիծաղում են և ձորի քարանձավներում նրանց առույգ ծիծաղն արձագանք է տալիս ահավոր կերպով, ասես ձորը քրքջում է նրանց հիմարության հանդեպ։

Ելնում են աստղերը։ Երեկոյան դեմ նրանք դեռ աղոտ են, բայց շարժվում են, կարծես տիեզերքի անհուն խորքերից նրանք մոտենում են մեզ, ինչքան մթնում է՝ այնքան ավելի մոտ են աստղերը, այնքան ավելի շողշողում են՝ դեղին, սպիտակ, կապույտ...

* * *

Անդոն պառկել է կողքի վրա։

Նրա դեմքը կոշտացել է, շրթունքները հաստ են։ Վերին շրթունքի վրա դեղին աղվամազը փայլում է, ինչպես նոր ծլած սիզախոտը։ Աչքերն են առաջվանը՝ սև, ժիր, անհանգիստ։ Նա պոկում է խոտը, թափում է։