Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ նրան ձանձրացնում է. աչքն ընկնում է ծղնոտի փշրանքին, ծղնոտը մոտեցնում է շրթունքին։ Հանկարծ լսվում է աղջկա հնչուն ծիծաղ։ Ծիծաղում է մի առողջ կուրծք։

Գլուխս դարձնում եմ այն կողմը։

− Ճանաչեցի՞ր,− հարցնում է Անդոն։− Մաշոն է․․․− պատասխանում է և ծամծմում ծղնոտի կտորը։

− Թիֆլիս է կարդում... Երկու տարուց կվերջացնի գիմնազը։

− Իսկ էն տղերքն ո՞վ են...

− Էն մեկը Ներսես բեյի տղան է, էն երկուսը սմատրիտելի տղերքն են, էն կանգնածը Սոնան է։

− Նա մի դասարան ցածր էր։

− Ասում են լավ աղջիկ չի։

− Ի՞նչ է անում որ...

− Տղաների հետ միշտ գնում է բաղերը։

Այնտեղ կիթառ են նվագում։ Մաշոն երգում է, մի թավ ձայն մեղմ երկրորդում է նրան։

Անճանաչելի են թվում Սոնան, Մաշոն։ Ինչպես ընկղմվող քարը, իմ հիշողության մեջ դողդողում է մեր դասարանը, ծիրանի ոսկեզօծ ծառը և ապա սուզվում մոռացության խավար խորքը։ Նրանք ուրիշ աշխարհից են, մենք ուրիշ։

Առաջ էլ այդպես էր... Ատելություն է ծնվում իմ ներսը դեպի այդ խումբը, որ ուրախ նվագում է, երգում։ Եվ օտարի պես նայում եմ նրանց կողմը։

− Անդո՛, հիշո՞ւմ ես Նուշիկին։

− Նուշիկը լա՜վ աղջիկ էր...

− Մայրը մնո՞ւմ է։

− Հա՛, էլի լվացք է անում։

Մեր հարևանները հեռանում են, մեր խոսակցությունն ընդհատվում է։ Մաշոն մեծացել, գեղեցկացել է։ Նայեց մեր կողմը, երեսը շրջեց։ Նա թափ էր տալիս փեշերը, ինչպես առաջ, երբ նստարանից վեր էր կենում։ Նրանք հեռանում են, մթնում դեռ երևում է Մաշոյի սպիտակ սիլուետը։

Ինձ թվում է, որ նա գլուխը խոնարհում է և հիշում մեր դասարանը, մեր մանկությունը։

Էլ ուրիշ շատ զգացումներ են զարթնում իմ սրտում, ջերմ զգացումներ։ Իմ սրտում էլ ատելություն չկա, և ես անտարբեր նայում եմ մթնում հալվող սպիտակ շորերով Մաշոյին։