Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առավոտը գնում է «սմատրիտելի» տունը, իսկ գիշերը կարանում թուղթ է խաղում։

− Անդո, ուզո՞ւմ ես սովորել...

− Իմ սովորելը վերջացավ։ Ապերը հրեն հիվանդ․․․

− Արի քեզ դաս տամ։

− Գիշեր-ցերեկ բանի եմ, ո՞նց սովորեմ... Հրես մոնտյորից թե կարողացա մի բան սովորեմ...

...Այն ամառը ես մենակ էի բարձրանում բրուտների քարայրը, նստում էի բրուտ Ավագի դռանը, ծերունին ցեխոտ ոտքով դարձնում էր չարխը և անսպառ հետաքրքրությամբ լսում իմ պատմածը։ Երբեմն Չոլախն էր գալիս։

Ամպամած մի օր մենակ իջնում էի բրուտների կածանով։ Քարերը գլորվում էին դեպի խորխորատները և նրանց աղմուկից վախեցած աղավնիները անհանգիստ ճախրում էին։

Ես զգացի մի ծանրություն, մի ծանր տխրություն։ Կարծես մի բան հասել էր, ինչպես պտուղը, ահա վայր պիտի ընկնի և թեթևացած ճյուղը պիտի ձգվի։ Ես չգիտեի, որ իմ սրտի ծանրությունն այդ մռայլ ձորերն էին, տխուր արահետը, որով շատ քիչ մարդ է անցնում։ Ինչքան իջնում էի, այնքան արագացնում էի քայլերս, կարծես հետևում թողնում էի այդ ծանրությունը։

Երբեմն, տարիներ ընդմեջ, եղել եմ մեր թաղերում։ Սակայն ամպամած այդ օրից հետո էլ չեմ բարձրացել բրուտների ճանապարհով։ Ինձ պատմել են, որ այնտեղ էլ ոչ մի չարխ չի պտտվում, որ մի մեծ ժայռ փլվել և տակովն է արել այն քարայրը, որտեղ աշխատում էր չոլախ Եգորը։

* * *

Իմ հիշողության մթագնած հորիզոնի վրա ցցվում է դաժան մի պատկեր։ Դժվարությամբ եմ ճանաչում դիրքը, կապակցում մարդուն ու շրջապատը... Մեր քարափն է, խավար ձորը, որտեղ ոչինչ չի երևում։ Մյուս ափը լույս է։ Քարերը սպիտակ են, ինչպես ձյունի կույտերը գարնան հալոցքի գիշերը։ Կարմիր ու սև եզները նստել են քարերի մոտ, նրանք անշարժ որոճում են և թվում է, թե քարերը կարող են եզներ դառնալ կամ թե եզները, եթե շատ նստեն, կքարանան։ Մեկը փաթաթվել է մաշված կարպետի մեջ և քարի տակ քնել է...