Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իր սենյակում, հետախոլյզ բաժնի սպան, ատամները կրճտացնելով, պատմում էր գունատ Մաշոյին, թե ամբողջ ձմեռը ձորից սիգնալ է տվել այն տղան, որ իրենց տան առաջ լուռ ու մունջ կապում էր էլեկտրալարը։ Պատմում էր և պատուհանի վրա ամրացնում գնդացիրը։

Իսկ շտապ ու շիվար Մաշոն լցնում էր սնդուկները, կողպում, կապկպում։ Նա լավ չէր հասկանում ամուսնու ասածը, ինչպես դժվար դասը...

* * *

Մյուս օրը լեռան հետևից հրետանին սկսեց ռմբակոծումը։ Քաղաքում այս ու այնտեղ լսվեցին պայթյունի որոտներ։ Եկեղեցու խաչը թեքվեց, ճոճվեց, ինչպես ճյուղը։ Ապա հանկարծ ընկավ ընկուզենու վրա և խրվեց գետին։

Միանգամայն անսպասելի կերպով ձորի կողմից քաղաք մտան չորս ձիավոր։ Նրանց առաջից գնում էր մեկը, ոսկեգույն ձիու վրա։ Նրանք մի վայրկյան կանգնեցին քաղաքի սահմանագլխում, ապա երբ որոտացին թնդանոթները, նրանցից երկուսը քշեցին գերեզմանատան կողմը, փռփռացնելով փոքրիկ կարմիր դրոշակները։ Նրանք դրոշակները խրեցին գերեզմանատան բլուրի վրա, որպես հրետանու նշանացույց։ Ապա քարափի բաշով քշեցին դեպի կամուրջը։

Այս անգամ թնդանոթը խփեց ուղիղ քարափին։ Քարից կտորներ թռան դեպի ձիավորները։ Ներքևից լսվեց պայթյուն։

− Դրոշակը շարժի՛ր,− գոռաց ոսկեգույն ձիավորը, արագ նայելով ձորի կողմը։

Մուխի մեջ կանգուն էր էլեկտրակայանը։

Ու ձիավորը փրփրած ձին ասպանդակեց դեպի կամուրջը, որտեղով քաղաք պիտի մտներ կարմիր հեծելազորը։

Ոսկեգույն ձիավորը ճեղքեց ամայի հրապարակը և քշեց կարճ փողոքով դեպի կամուրջը։

Այդ վայրկյանին պատշգամբից արճիճ տեղաց գնդացիրը։ Մի կին ճչաց։

−Վա՞յ, բալա ջան...

Ձիավորը թեքվեց մի կողմի վրա և կախվեց, ինչպես հնձած հասկը։ Փրփրած ձին խրտնեց ու սլացավ։ Հեծվորի ոտքը մնաց ասպանդակի մեջ։ Տաք մարմինը քարեքար դիպչելով շաղ տվեց արյուն և ուղեղ։

Փողոցի մեջտեղը շնչահեղձ պառկել էր Անա զիզին և լիզում էր որդու