Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տաք արյան առաջին շիթը... Լիզում էր հողը, արյունը, երեսը քսում էր գետնին և չանգռոտում անմռունչ գետինը։

* * *

Այն կողմերում այժմ էլ գարնանն ամպ է նստում։ Ծեր Գյունեյ թաղը կորչում է, ամպի միջից երևում է Ցից քարը։ Բայց երբ քաշվում է ամպը, երևում են քաղաքի տների կտուրները։

Ռուսաց «ժամի» տեղը կանաչ պարտեզ է։ Ձորը փոխվել է։ Այնտեղ սպիտակին են տալիս եկեղեցու տաշած քարերը։ Նոր հիդրոկայան է, արևառ և ընդարձակ։ Քարափից ներքև է իջնում լայն ճանապարհը։ Գարնանը դպրոցական երեխաներին տանում են ձորը և նրանց բացատրում են, թե ինչպես են աշխատում մեքենաները։

Նորոգ երկիր, նոր մանուկներ...

Դիպվածը ինձ էլ նետեց մեր հին թաղը։ Ես հաստատ քայլերով կոխում էի այն ճանապարհները, ուր խաղալով անցել է իմ մանկությունը։ Ահա Նեղը, փրփրան ջուրը, քեղի թունավոր թփերը։ Իմ ընկեր Անդոն ասում էր, որ օձերը իրենց լեղին պատրաստում են նրա տերևից։

Բիբլիական Հովբի նման խարխուլ տան առաջ նստել էր բրուտ Ավագը։ Նա գրկեց ինձ և ինչպես կույրը, շոյեց դեմքս։

− Անդոն, իմ Անդո՜ն...

Արցունք չերևաց նրա ցավից կծկվող դեմքի վրա, թեև ձայնը խուլ հեկեկանքից դողում էր։ Կարծես աչքերի հետ ցամաքել էին արցունքի ակները։

Մեր թաղի գերեզմանատանը թաղված է Անա զիզին ։ Գերեզմանաքար չկա, ո՛չ գիր, ո՛չ հուշարձան։ Գարնանը կանաչում է թումբը, մոլախոտերը խեղդում են վաղահաս ծաղիկներին, ասես ապահով են, որ չի զարթնի Անա զիզին և նրա ոսկորե «ղմալթին» էլ չի քաղհանի։

Երեկոները քարափին շարվում են ուրիշ աղջիկներ, նրանց մանդոլինը նվագում է նոր երգեր։ Եվ երբ հոգնում են, սկսում են պարզ զրույցը։ Տղաներից մեկը ցույց է տալիս ձորի ճեղքված քարը և պատմում է բրուտի տղա Անդոյի կյանքն ու մահը։

− Կարմիր հեծելազորը քաղաք մտավ կամուրջի կողմից․․․ Հրացանների վրա նրանք բերում էին Անդոյի արյունոտ մարմինը։

Էլ ի՞նչ։ Վա՞յր դնեմ գրիչս...

Բայց ինչո՞ւ են դողում մատներս այս ծով ուրախությունից։ Որ ես