Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակի խոր ծալքերից իմ թույլ գրիչով վե՞ր հանեցի իմ մանկության ընկեր Անդոյի հերոսական դեմքը։

Ախ, ինչքան նոր Անդոներ կան այս թուխ պատանիների մեջ, որոնք հին քարափի գլխին, իբրև անգիր զրույց, թերթում են սկզբի լույս էջերը։

Ու դեռ մի անգամ ևս համայն աշխարհում մեր թնդանոթները հզորագույն կշառաչեն հին խոսքը.

− Խաղաղությո՜ւն խրճիթներին, պատերա՜զմ պալատներին։

1931

ՍԵՎ «ՀԱՑԸ»
1

Հանգչում էր քաղաքի աղմուկը։

Կարծես դաշտ էր, ուր լուսաբացին՝ առաջին ավտոյի աղմուկից սկսվել էր ճակատամարտի ժխորը, կեսօրին թեժացել, երեկոյան դեմ միսկարները հավաքել էին պղինձը, դարբինները դարսել էին մուրճերը, լռել էին մեքենաները։

Երեկոյի տաք անձրևը նոր ծաղկած ծառերին, մայթի քարերին ու ծանր կավահողին բաշխել էր զով, պղտոր ջրի լճակներ ու ծանր ցեխ։ Սպիտակ ամպերը սարերից սողացել էին դեպի քաղաք և անգլուխ կարավանի նման դանդաղ ու մունջ պտույտ էին անում փողոցներով, քսվում կտուրներին։

Տների բարձր հարկերը չէին երևում ամպի սպիտակ քուլաների մեջ։ Նրանք օրորվում էին, իրենց հետ օրորում տները, հեռագրասյուները, էլեկտրական լամպերը և նրանց ցոլքը՝ անձրևաջրի պղտոր լճակներում։

Ամբողջ քաղաքի վրա բարձր աշտարակից ռադիոն թափում էր գարնանային երգի տաք ելևէջներ։ Աշտարակի ներսը մի աղջիկ մաքուր ձայնով երգում էր բամբակի դաշտերի և հասած արտերի երգը։ Բազմաթիվ ռուպորներ այդ զվարթ երգը մաղում էին քաղաքի վրա։

Բարձրախոսների տակ խումբ-խումբ մարդիկ լուռ լսում էին, մշակը՝ հենված պատին, լրագրավաճառը՝ թերթերը թևի տակ, տղան՝ աղջկա թևը գրկած, կառապանը՝ «կոզլու» վրա,− նույնիսկ ձիերը կախել էին ականջները, քրտինք էր գոլորշիանում նրանց մարմնից, ձիերը մրսում էին խոնավությունից, բայց նրանք էլ անշարժ լսում էին։