Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
2

Լևոնը գլխավոր փողոցից ծռվեց դեպի ձախ։

Անկյունում նրա ականջին ընկավ երգը, տեսավ լուռ լսողների խումբը։ Նա գլուխը վեր բարձրացրեց և զարմացավ, կարծես առաջին անգամ էր տեսնում սյունին կապած բարձրախոսը։ Երգը վրդովեց նրա մտքերի ընթացքը, բայց երբ ծռվեց դեպի նեղ փողոցը, մտքերի հոսանքը նորից մտավ ծանոթ հունը։ Ու գլուխը կախ գնաց, կոխոտելով թանձր ցեխը և անձրևաջուրը։

Թևի տակ պորտֆելն էր։ Եվ նրա միտքը շարունակում էր աշխատել այն թվերի և հաշիվների հետ, որոնցից նոր էր բաժանվել։

Նա շատ անգամ է նստում մինչև կես գիշեր այն սենյակում, որի պատուհանից երևում է քաղաքի մեծ մասը, բլուրները, ճանապարհները, որոնք կեռ ու մեռ գնում են, գնում են անվախճան՝ դեպի ուրիշ քաղաքներ ու գյուղեր։ Այդ ճանապարհներով Լևոնն ուղարկում է բազմաթիվ մեքենաներ դեպի գյուղերը և նրանց դաշտերը, որտեղ կա ջուր, արև և քրտինք։

Այդ սենյակում Լևոնի գրասեղանն է։ Նա փռում է բազմաթիվ աղյուսակներ, ցուցակներ, վերցնում է մատիտը, գլուխը կախում նրանց վրա և հաշվում։ Եվ գնում են տրակտորները, գութանները, քաշում են երկաթե փոցխերը և շարքացանները, գարնան խոնավ հողի մեջ թափվում են սերմեր, ծլում է բամբակը, աղջիկները քաղհանում են, ծաղկում է բամբակը, աղջիկներն իրենց գոգը լցնում են սպիտակ բամբակով և բամբակը գնում է դառնալու գույնզգույն չիթ, աղջիկները հագնում են նախշուն չիթը և երբ խաղում են նրանք, թրթռում է մարմինը, քամին փռփռացնում է դեյրան և ծաղկավոր դեյրան ծփում է, ինչպես արտը։

3

Լևոնը կանգնեց դռան առաջ, ձեռքը տարավ գրպանը, շոշափեց բանալին, որ գրպանում տաքացել էր։

Բանալին դարձավ երկու անգամ և ապակյա դուռը բացվեց։

Մութ նախասենյակում նա վարժ շարժումով իր մշտական տեղը հանեց կալոշները։ Մի փափուկ բան քսվեց ոտքերին, մռռաց։ Մաջիտա մայրիկի Վանա կատուն էր։

− Փիսո՜․․․

Կատուն հետևեց նրան մինչև սենյակի դուռը, ապա առաջինը ներս մտավ, երբ Լևոնը քաշեց սենյակի դուռը։

Ճրագը վառեց և պորտֆելը գցեց սեղանին։