Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա օտարական էր, անակնկալ պայմաններում ձեռք բերված։ Փողոցում վիճակախաղ էր անապաստան երեխաների օգտին։ Լևոնը հանդիպեց Լուսիկի ընկերուհուն և հարցրեց, թե ի՞նչ լուր Լուսիկից։ Աղջիկը, որ վիճակախաղի կազմակերպողներից էր, հաղորդեց լուրը և նրա թևից քաշելով մոտեցրեց սեղանին։

Հինգ տոմս միանգամից վերցրեց․ երեքը՝ փուչ էր, մեկին բաժին ընկավ ռետինե տիկնիկ, մյուսին՝ ծաղկամանը։ Տիկինիկը հենց այնտեղ նա նվիրեց մի փոքրիկ աղջկա, իսկ ծաղկամանը Լուսիկի ընկերուհին դրեց նրա պայուսակը, խոստացավ ծաղիկներ բերել և ավելի մանրամասն պատմել Լուսիկի մասին։

Խոստացավ ու չեկավ։

Այստեղ հրացանը կորոտար և կփշրեր ծաղկամանը, եթե նրա հետ կապված չլիներ մի ուրիշ անձնավորություն, որի հանդեպ սենյակի բոլոր իրերը, նույնիսկ կողովն ու չեմոդանը խորապես երախտապարտ էին, որովհետև այդ անձնավորությունը ամեն օր սրբում էր նրանց փոշին և տեղափոխում, երբ արևը անհանգստացնում էր։

Այդ Մաջիտա մայրիկն էր, որի այդ սենյակ մտնելը եղավ ծաղկամանը բերելու մյուս օրը։ Ներս մտավ պառավը, Վանա կապույտ փիսոն հետևից։ Կատվի ոտնաձայնն ավելի լսելի էր, քան Մաջիտա մայրիկի թեթև քայլերը։

− Էսնա խորոտ ի,− ասաց պառավը և առանց հարցնելու ծաղկամանի մեջ խրեց հասարակ ծաղիկների մի փունջ։

Սենյակի տեսքը միանգամից փոխվեց։ Նույնիսկ լերկ պատերը զվարթացան, որովհետև արևը ծաղիկների և ծաղկամանի ստվերը գցում էր պատի վրա։ Կարծես գրքերի հետևը թաքնվել էր մի կին և վեր բարձրացրել մերկ բազուկն ու ծաղկեփունջը։

− Միայն մանկության գորգի վարդերը դժգոհ էին։ Թարմ և իսկական ծաղիկները խլում էին նրանց առաջնությունը։

4

Վանա փիսոն խռոված դուրս գնաց և նորից ներս մտավ, խաղալով Մաջիտա մայրիկի կծիկի հետ։

− Իկե՞ր ես, տղա։ Չայ պիրե՞մ։

− Եթե տաք է։

– Տաք է։ Խալիվոր նոր խմեց... Գենա դողցուց իմ խեղճ։ Իմ ճար ի՞նչխ կելնի, Լևո՛ն։