Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դողում են, ինչպես Լուսիկի շրթունքները, երբ ծաղկած ծիրանիների փողոցից մտնում էին լուսավոր պողոտան:

Ծաղկած ծիրանիների փողոցը... Նույնիսկ փողոց չի կարելի հաշվել, որովհետև ծայրը հետզհետե բաժանվում է նեղ ճանապարհների, որոնք պատերի արանքով տանում են դեպի այգիները և այնտեղից ձգվում լերկ բլուրի առապարները, ուր գարնանը մակաղում է քրդերի ոչխարը։

Այս նկարը խավար է, որովհետև նրանք մութն ընկնելուց էին մտնում այդ փողոցը, որի բնակիչները արևի մայր մտնելու հետ փակում էին տների և պարտեզների փոքր դռնակները։ Փողոցը մինչև լուսաբաց մնում էր նրանց ու նման զույգերի, որոնք իրար չէին ճանաչում, լռում էին, երբ լսվում էր ոտնաձայն և քաշվում էին այն խորշերը, որտեղ մութն ավելի թանձր էր, և ծիրանի ճյուղերը ծածկում էին լուսնյակի ու աստղերի լույսը:

Լսվում էր մի ոտնաձայն, Լուսիկը սեղմում էր նրա թևին, շունչը պահում։ Անցորդը ուշ մնացած մարդ էր, որ շտապում էր փոքրիկ դռնակներից մեկը բախելու և կամ հարբած էր՝ գնում էր օրորալով․ գնում էր՝ կամ հայհոյում, կամ տխուր երգում։

Պատի տակ առուն էր, երեսը բաց, ջուրը սառը։ Սարերից էր գլորվում առուն և նա բլուրի այգիներում շառաչում էր իբրև լեռնային վտակ։ Իսկ հետո ներքի տափարակում, բրնձի ու բամբակի դաշտերի մեջ, նրա շառաչը մեռնում էր և հանդարտվում էր աղմկոտ խոխոջը։

Նրանք նստում էին առվի եզրին, և երբ հանգչում էր զրույցը, լուռ լսում էին ջրերի ձայնը։ Նայած թե ի՞նչ էին խոսել, Լուսիկն ի՞նչ էր ասել։ Լևոնը սրտնեղել էր նրանից, թե երկուսն էլ ոգևորված խոսել էին սովորելու, աշխատանքի և ո՞վ գիտե, էլ ի՞նչ պայծառ ապագայի մասին։

Եթե սրտնեղել էին, թվում էր, թե առուն էլ չարացել է... Երբ խոսք էր լինում, որ պիտի բաժանվեն, որովհետև Լևոնը գնալու է Մոսկվա սովորելու, կարծես առուն վշտակցում էր Լուսիկին, իսկ երբ ծիրանիների տակ զրույցը դառնում էր առօրյա դժվար աշխատանքի և պայքարի շուրջը, լսել էր, թե ինչպես ալիքները խփում են քարերին, որոնք խանգարում էին նրանց անարգել ընթացքը։

Եվ ինչ խոսել էին՝ ջուրը տարավ։ Համբույրները, հանաքները, այն, որ կավե պատը փոշոտում էր Լուսիկի դեյրան, շունը, որ ցած թռավ և նրանց վախեցրեց,−բոլորը չքացել են, մնացել է ջինջ հիշողությունը և մի կսկիծ, որ երբեմն մրմռում է, ինչպես ոտքի սպին։ Սակայն այդ սպին նա տեսնում է, շոշափում է և մեղմում է ցավը։ Իսկ այն մյուսի հետքը... Այ, հենց հիմա, շրթունքները չեն ասում, բայց մտքում կրկնում է.