Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուժը՝ գյուղաշխարհի կազմալուծման, նահապետական կապերի անկման երևույթները բացահայտելիս, վիպական նույն համակարգի մեջ տարբեր պատումային եղանակներն (երգիծանք, հոգեբանական վերլուծություն, քնարականություն և այլն) ու ոճաբանական-հնչերանգային միջոցները զուգակցելիս։

Ակսել Բակունցի անավարտ կտավների շարքում առանձին հետաքրքրություն է ներկայացնում «Խաչատուր Աբովյան» վեպը, որից «Դեպի լյառն Մասիս», «Lieber Armenier» և «Գործ Մայրանա, դստեր Մկրտումի...» գլուխները տպագրվեցին 1935-ին «Խորհրդային գրականություն» ամսագրի երեք համարներում։

«Խաչատուր Աբովյանը» Բակունցի գրական տարեգրության մեջ երևույթ է մի շարք առումներով՝ հայ մեծ լուսավորչի գնահատման նոր դիրքերով, պատմական կամ պատմա-կենսագրական վեպի ժանրի ուրույն ըմբռնումներով, արձակի գեղարվեստական գարգացման նոր գծերով։

Բակունցի աչքին Խ. Աբովյանը հայոց պատմության ամենագրավիչ և ամենագերիչ կերպարն էր. «Հիանալի ֆիգուրա՝ ոչ միայն իր գրական նշանակությամբ, այլև իր կյանքով»։

Այս ըմբռնումն էլ, հավանականորեն, Բակունցին կանգնեցրեց Աբովյանի կյանքի վիպական պատկերման խնդրի առաջ։

Մինչև վեպը Բակունցը հանդես եկավ Աբովյանի հարյուրամյա «առեղծվածին» նվիրված աշխատությամբ (1932), որն ունի հետևյալ վերնագիրը՝ «Խաչատուր Աբովյանի անհայտ բացակայումը» (գրված արխիվային նոր վավերագրերի և անհայտ նամակների հիման վրա»։ Սա սովետական ժամանակաշրջանում լույս տեսած առաջին գիրքն էր հայ մեծ լուսավորչի մասին և նշանակալից էր Աբովյանի աշխարհայացքի գնահատման առումով։

Բանն այն է, որ և՛ անցյալում, և՛ նոր ժամանակներում Աբովյանը մեկնաբանվել էր ամենատարբեր դիրքերից, և նրան էին վերագրվել մտայնություններ, որոնք բնավ չէին համապատասխանում իրականությանը։

Աբովյանին վերագրված բազմաթիվ միֆերի կողքին կար նաև նրա դերի ճշմարիտ գնահատությունը, որով նրա ստեղծագործությունը և աշխարհայացքը կապվում էին հայ դեմոկրատիայի արմատական շահերի հետ։ Ծայր առնելով ժողովրդի «մտածմունքներից»՝ ժամանակակիցների զրույցներից այդ տեսակետը Պ. Պռոշյանի և Մ. Նալբանդյանի, Ստ. Ոսկանի և Ղ. Աղայանի ուղեգծով հասնում է մինչև Հովհ. Թումանյան և Ավ. Իսահակյան, Վ. Տերյան և Ստ. Շահումյան։

Նույն ուղղության լույսի տակ էլ Բակունցը անդրադառնում է Աբովյանի