Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այն ժամանակ Սուղին հազիվ գրաճանաչ էր։ Ամառ-ձմեռ հագին ռետինե տարօրինակ թիկնոց էր, որի նմանը անցյալ աշնան ինքը նավի վրա տեսավ, նավաստիների հագին։ Ո՞րտեղից էր ընկել այդ թիկնոցը։ Նստում էին ժողովի, Սուղին ձանձրանում էր վեճերից, բայց երբ հարցը գալիս էր ապստամբության, նրա աչքերը լայնանում էին, ոտքի էր կանգնում և բռունցքը ճոճում.

− Հուպ տո՛ւ․․․ Իմ ասմունքն էլ էդ ա։

Առաջին տարիները գավառում նրան այդպես էլ կանչում էին. «հուպ տու, Սուղի»։

Իսկ Ասաքը ծանր էր, տարիքից ավելի ծանրախոհ։ «Ուրբաթախոս» էր, ծխախոտը բերանից անպակաս։ Ինչ էլ ձեռքն ընկներ, ծխում էր. մախորկա, տերև... Նրա ծխախոտի կծու հոտը ջղայնացնում էր Սուղուն։ Երբ մի ժողովում հարց էր դրված թշնամու թիկունքը մարդ ուղարկելու, Սուղին Ասաքի թեկնածությանը հակառակեց.

− Նրա բերանից մրահոտ ա գալիս... Քառասուն վերստի վրա նրան էդ շնահոտից կճանաչեն։

Մի ուրիշ լայն փողոց վերևից գալիս և կիսում էր այն փողոցը, որով գնում էր Լևոնը։ Խաչաձև կտրվածքի մեջտեղը ետ ու առաջ էր գնում հերթապահ միլիցիոները։ Նա ձանձրացած էր քայլում, կարծես կարոտում էր ցերեկվա ժխորին։

Փողոցների խաչաձև կտրվածքն անցնելուց Լևոնի ընդհատված մտքերը նորից ծանոթ հունն ընկան։ Ասաքը շատ է փոխվել... Այն տարին նրա երեսին ժպիտ չէր երևում․ այժմ կենսուրախ է, անհոգ։ Գուցե այդ անհոգությունն է նրա նիհար մարմինը գիրացրել, կլորացրել։

Տուն ունի, կին ունի, չորս երեխա... Սենյակների ներսը խառնիխուռն, գրքերը երեխաների կոտրատված խաղալիքների կողքին, այստեղ-այնտեղ մանր ու մեծ մահճակալներ, որոնց վրայից կախված են լաթեր, երեխաների սպիտակեղենը ու ուրիշ շորեր, որ Ասաքի կինը չի հավաքում, երբ Լևոնը ներս է մտնում, որովհետև նրանից չեն քաշվում։

− Երևի երեխաները քնած են... Կիմիկը չէ՛։

Կիմիկը եթե քնած լինի, Լևոնի ձայնից կզարթնի, կկանչի մյուսներին և կսկսեն կախվել, քաշքշել, աղմկել։ Կսկսվի այն, ինչ Ասաքը ծիծաղելով անվանում է «ղարաչու բազար»։

Այդ աղմուկի մեջ Ասաքը կարողանում է աշխատել, երեխաները թռչկոտում են, բարձրանում նրա վրա, քաշքշում, իսկ նա երեսը պատի կողմը դարձրած կարդում է։ Երբ շատ են աղմկում, վեր է կենում, դուռը բաց անում և բոլորին քշում բակը։ Քշում՝ ինչպես հավի ճտերը։