Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տախտակների կույտերի հետևը մնացել էր մի ծիրունի։ Երևի նա մնացել էր, որովհետև տախտակները դարսել էին առաջը։ Իսկ պատի հետևի շարքը չկար։ Նրանց տեղը խիճերի, ավազի շեղջեր էին։

− Ըստի աղաք էլ եկած կլինես, որ հարցրիր...

− Հա, ես էս փողոցում ապրել եմ... Ասի տեսնեմ ինչ կա...

− Ինչ կա՜․․․ Պալատներ կան, ընկեր Լևոն... Սրա մի հատը մեր գեղում լիներ, սաղ ժողովուրդը մեջը կհավաքվեր։

− Էդ էլ կլինի, Օսե՛փ...

− Էն վախտը կնիկս կառնեմ կգնամ գեղը․․․ Սիրտս մեր սարերը շատ ա ուզում, է՜...

Օսեփը նրան ուղեկցեց մինչև փողոցը։ Դժգոհեց, որ Լևոնը թեյ չխմեց։

Լևոնը վերադարձավ դեպի Ասաքի տան փողոցը։ Քայլում էր խաղաղ ուրախությամբ, իր այցելությունից գոհ։ Մի անգամ էլ նայեց նոր շենքերին։

− Եթե Ասաքը քնած չլինի․․․ Երևի նա էլ ինձ նման քիչ է լինում այս կողմերը։ Մեր ընկերներից շատերը չեն տեսնում այն բոլորը, ինչ կառուցում ենք։ Չեն տեսնում...

Ապա նորից հիշեց ծիրանիների փողոցը, Լուսիկի կապույտ զգեստը և առուն, առուն, որ կայտառ շառաչով գալիս էր անարատ ձյուներից։ Մի՞թե այդքան խոր հիշողություններ է թողել այն աղջիկը, այն անհոգ գարունը։ Ո՞ւր մնաց ծաղկած ծիրանիների փողոցը... Նրա սրտում խոխոջաց կարոտի մի մթին հուշ, ինչպես հին առուն գետնի տակ։

Քայլում էր և չէր զգում ոչ մշուշ, ոչ շաղ։ Չլսեց և ռադիոյի երգը։ Իմաստուն տխրությամբ նա հարցնում էր, թե նրանք, որոնք ապրելու են քարակոփ այս բարձր շենքերում, պիտի գիտենա՞ն, որ այստեղ եղել է կառուցողներից մեկի ծաղկած փողոցը և ոչ թե ցամաք անապատ...

9

Լևոնը ծռվեց Սահակի տան կողմը։

Բեռնատար ավտոները, որոնք շինարարության համար քար, ավազ էին բերում, այդ փողոցով էին անցնում։ Նրանց անիվները խոր ակոսներ էին գծել ցեխի մեջ։ Այդ փողոցով էին անցնում և գյուղերից եկող սայլերը, որովհետև հին ճանապարհը նորոգում ու լայնացնում էին։ Հաղորդակցությունը գետի նման իր հունը շուռ էր տվել այդ փողոցով։

Լևոնը գնում էր սայթաքելով, ոտքերն զգույշ կոխելով ցեխի մեջ շարած քարերի վրա։ Լապտերների լույսից ցեխն ու գուբերի պղտոր ջուրը փայլում էին խավար փայլով։