Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերևը մութն էր։ Տներն ավելի նոսր էին, լապտերները քիչ։ Շուտով պիտի ծռվել... Արդեն երևում է Ասաքի տունը... Լույսեր կան, ուրեմն քնած չեն։ Երեխաները պիտի աղմկեն։ Ասաքի կինը պիտի վառի պրիմուսը... Եվ նույնը պիտի ասի ինչպես միշտ։

− Լևոն, խելք ես արել, որ ընտանիք չունես... Մենակ ապրելը հանգիստ է։

Վերևը մութն էր։ Մթնում լսվեց մտրակի շառաչ։ Անիվներ ճռնչացին։ Մեկը բղավեց․․․

− Դենը պահի՜, դենը պահի՜․․․

Անիվները ճռնչացին։ Մի րոպե հետո մթնից դուրս եկան մի զույգ գոմեշներ։ Լապտերը լուսավորում էր նրանց լայն ճակատները և սև եղջյուրները։ Մի քիչ առաջացան, երևաց երկրորդ զույգը, բայց սայլը չկար... Ապա երրորդ զույգը, նույնիսկ զրնգաց շղթան, որով միացրել էին լուծերը։ Գոմեշները ուժ էին անում, ձգվում առաջ։ Նրանց ոտքերը ցեխի մեջ սայթաքում էին։ Նրանցից մեկն ընկավ հետևի ոտքերի վրա և ամբողջ ծանրությամբ կախվեց լուծից։ Մթնից մի մարդ դուրս թռավ և մտրակեց։ Գոմեշը փնչաց։

− Ի՞նչ են քաշում...

Լևոնը կանգնել էր քարի վրա և հետաքրքիր նայում էր։ Գոմեշները դանդաղ էին շարժվում։ Խավարի մեջ այնպես էր երևում, կարծես վերջ չունի նրանց շարքը և մի ահռելի ծանրություն գետնի մթին խորքից գոմեշները քաշում են լույս աշխարհ, քաշում են և դեռ ծայրը չեն հանել։

Լևոնը մի քանի քայլ արեց։ Մի խումբ երիտասարդներ վազեցին գոմեշների վրա։ Մի քանիսը մոտեցան առաջին անիվներին։ Վերջին անիվները բավական հեռու էին։ Նրանք առաջին անիվների հետ միացված էին հաստ գերաններով, որոնց վրա մի վիթխարի և տարօրինակ բեռ էր, որ մշուշի մեջ աղոտ էր երևում։ Կարծես փոքր շոգեմեքենա էր, ջարդված խողովակով։

− Արտա՛շ, քար դիր տակը, քա՛ր...

− Սպասի գոմեշները նաֆաս առնեն...

− Ի՜նչ էլ ցեխ է...

− Սրանց ցեխը մերից շատ է,− ասաց մեկը, որ հենվել էր գոմեշին։

− Ի՞նչ է էդ, ընկերնե՛ր,− հարցրեց Լևոնը։

− Սև «հաց», ընկե՛ր,− պատասխանեց նա, որ կանգնել էր առաջին լուծի կողքին։

− Արտա՛շ, մի հարցրու՛ տեղը... Գուցե իմանա,− մթնից կանչեց մի երիտասարդ։