Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջին կանգնողը՝ Արտաշը, Լևոնից հարցրեց, թե ո՞րտեղ են հանձնում հավաքած մետաղը։ Լևոնը հիշեց իրենց պահեստի մոտ մի կիսավեր շենք, որտեղ կիտված էին ժանգոտած մետաղի կտորներ։

− Շրջաբերական են ուղարկում, ալարում են շնորհքով գրեն տեղը,− հանդիմանեց Արտաշը։

Երիտասարդները Ախտայի շրջանի գյուղերից մեկի կոմերիտականներն էին։ Տարիներ շարունակ նրանց գյուղի ներքևն ընկած էր եղել այդ հնադարյան ձևի կատոկը, որի չորս կողմը գարնանը խոտ էր կանաչում և հովվի շները շոգից նեղվելով թաքնվում էին ներսը։

Ընկած էր եղել, ժանգոտվել էր, ծանրությունից մի քիչ թաղվել հողի մեջ։ Կոմերիտականները մեծ դժվարությամբ հանել էին, դրել գերանների վրա և նույնպիսի դժվարությամբ, ցեխ կոխոտելով, հրելով գոմեշներին և աղմկելով՝ իջեցրել էին քաղաք։

− Արտա՜շ, տեղն իմացա՞ր,− կանչեց նույն ձայնը։ Մթնից կանչողը ծիծաղեց։ Նա ինչ-որ բան ասաց, բայց չլսվեց։

− Բաց կլինի՞ էնտեղ.․․

− Տո դե սպասի է,− ընդհատեց Արտաշը, որ ոգևորված պատմում էր իրենց կրած դժվարությունները։

− Երկու հարյուր փութ կլինի,− և երեսը դարձրեց դեպի ետ։

− Երեք չես ասում,− վրա բերեց մի ուրիշը։

Գոմեշների շնչառությունը հանդարտվում էր։ Հոգնած կենդանիները ոտները փոխնեփոխ բարձրացնում էին։ Նրանք մինչև կուրծքը ցեխի մեջ էին։ Կարծես ճեղքել էին ցեխի հեղեղը։

Արտաշն էլ էր ցեխոտված։ Այտի վրա պարզ երևում էր ցեխի չորացած շիթը։ Մթնից նորից կանչեցին, թե իմացա՞վ պահեստի մասին։

− Իմացա՛, բայց պարզ չի...

− Դե հա՜... Գոմեշները սառան։

Այդ կանչին բոլորը շարժվեցին։ Ոմանք բարձրացրին մտրակները գոմեշների վրա, ոմանք վազեցին՝ անիվները հրելու...

− Դեսը հա՜, դե՛սը

− Հը՛, հը՛...

− Մարալին, Մարալին...

− Մարալ հա՜...

Գոմեշները ձգվեցին, շղթան զրնգաց, անիվները ճռնչացին։ Լսվեց մի խոր տնքոց։ Տնքացին մարդիկ, անասունները և առաջին անիվները գլորվեցին։ Լևոնի ձեռքերը խրվել էին անիվի ճաղերի ցեխին։ Նա մյուսների հետ մի կողմ քաշվեց, երբ անիվները դուրս ելան ցեխից։