Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Հը՞, բոյը կարճ չի, նանի... Չափումը թե չգա,− դարձավ նա մորը, որ հավաբնի մուտքը կալել ու կանգնել էր նրա կողքին։

− Եսի՞մ, այ որդի...

− Ռուսի ղազախը սրա վրա կարո՞ղ է նստի... Չէ՛, չեն տանի,− հուսադրեց իրեն Սիմոնը և քայլեց փողոցով։

Շարմաղ բիրին նայեց որդու օրորվող մարմնին, մինչև նա հալվեց մթնում և կենդանական խանդաղատանքով ինչ-որ բան մրմնջաց, որ չգիտես աղո՞թք էր, օրհնությո՞ւն, թե՞ աղոտ հույսի ակնկալություն։

2

Մութն էր, երբ Սիմոնը տուն եկավ։ Գոմում կապած ձին լսեց տիրոջ ոտնաձայնը, նորից վրնջաց։ Սիմոնը խղճահարվեց, նա ճրագը վառեց, խոտի խուրձը գրկեց և ներս մտավ գոմը։ Ցոլակն ուրախությունից վրնջաց, մի քանի քայլ արեց, փորձեց կապը կտրել, բայց չկարողացավ։ Սիմոնը խուրձը մսուրը դրեց և երբ ձին մռութը կոխեց մեջը,− ձեռքով շոյեց Ցոլակի փափուկ մեջքը։

Ընդարձակ գոմի անկյունում նստել էր պառավ կովը։ Երկու այծերը, որոնք բարձրացել էին մսուրի վրա, Սիմոնին տեսնելով ցած թռան և միրուքներն օրորելով մոտ վազեցին։ Սակայն Սիմոնը չմոտեցավ ոչ կովին և ոչ էլ այծերին։ Նա մի պահ կանգնեց, ապա ձիու ոտքերի տակ թափված խոտը ժողովեց և դուռը դրեց։

Երեխաները քնել էին։ Շարմաղ բիբին, աչքերը կկոցելով, դժվարությամբ թելում էր հաստ ասեղը, որպեսզի կարկատի որդու գուլպաները։ Նրանց տան վաղուցվա կարգն էր այդ։ Երբ Սիմոնը քաղաք գնար, մայրն էր հոգում նրա ճանապարհի պատրաստությունը։

Խրճիթի հին դուռը ճռճռաց, պառավը ասեղը թողնելով անհանգիստ հարցրեց

− Հաստա՞տ ա...

− Բա հո սուտ չի․․․

− Ի՞նչ են ասում։

− Ասում են բոյը հաշիվ չի, եթե ձին առողջ է, կտանեն...− և դարձավ մորը.− նանի, Ցոլակի էն մեծ տոպրակն ո՞ւր ա, հետս դարման եմ տանելու։

Շարմաղ բիբին վեր կացավ մեծ տոպրակի միջի բուրդը թափելու։

Քնելուց առաջ Սիմոնը մի անգամ էլ գնաց գոմը։ Պառավ կովը այդ անսովոր այցից զարմացած, մինչև վեր կենար ու որոճալով մոտենար