Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գոմի դռան, Սիմոնը ձիու համետն ու չվանները սարքեց, դրեց ախոռի մոտ ու դուրս եկավ։

Դուրսը աստղալույս գիշեր էր։

Գյուղում մեկ-մեկ հանգչում էին կրակները և կրակների հետ լռում էին ձայները։ Ներքևը, գետափի մարգերում կանչում էր գիշերահավը։ Արտերից, դաշտերից և հեռվի անտառից հովը բերում էր զով սառնություն և հազարավոր խոտերի բույր, որի մեջ ավելի սուր զգացվում էր սուսամբարի և արդեն չորացող դաղձի կծու հոտը։

Սիմոնը նստել էր դարբասի քարին և քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին։ Հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, երբ հավասար աշխատում էին ինքն ու Ցոլակը։ Իսկ ա՞յժմ... Եվ Սիմոնին թվաց, թե իրենց տնից տանում են ոչ թե մի ձի, այլ իր եղբորը, իր որդուն, այնպես, ինչպես անցյալ ամառ շատ տներից տարան նրանց որդիներին ու եղբայրներին։

Սակայն հոգնությունը հաղթեց, ու ներս մտավ տուն։

− Հակառակի պես անիրավի մեջքը կասես հինայած լինի,− նորից հիշեց Սիմոնը։

3

Լույսը դեռ չէր բացվել, երբ Սիմոնը ճրագը ձեռքին մտավ գոմը, Ցոլակին համետեց ու դուրս քաշեց։ Հարևան բակերում ճրագներ էին շարժվում, ճռնչում էին դռները, ինչ-որ ձայներ էին գալիս։

Սիմոնը լսեց իր հարևանի՝ Սաքու տղայի ձայնը։ Նա բարկացած կանչում էր հարսի վրա, թե ինչու ձիու չվանը լույսով չի գտել։

Դռանը կանգնել էին Շարմաղ բիբին, կինը և նրա փեշից բռնած քնաթաթախ Շողերը, որ անսել էր մոր խոսքը և լացով հագել շորերը, որպեսզի տեսնի, թե ինչպես են ճանապարհ գցում Ցոլակին։

Տխուր ժամ էր, երբ Սիմոնը դռնից հանեց ձին։ Եարծես ներսը նա զարգացել էր մի դագաղ, իսկ դուրսը սպասում էին այդ ծանր վայրկյանին, որ աղի արտասվեն։

Ցոլակը գոմից երբ դուրս եկավ, վրնջաց և ականջները խլշեց։ Շարմաղ բիբին ձեռքը կրծքին խփեց և աղիողորմ ասաց.

− Ջա՜ն,− ու սրբեց արցունքը։

Շողերը մոտ վազեց, երեկվա խոտի փշրանքից մի բուռ մոտեցրեց