Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դարձավ նրան դարբնի տղան։ Շատերը ծիծաղեցին, որովհետև Շուղունց Աքելը իր ողջ կյանքում իրենց գյուղից և գավառակային ավանից այն կողմը չէր եղել։

Ինքը՝ Աքելը դժգոհ սաստեց.

− Անհամ անհամի տղա...

Ու հետո խոսք ընկավ ձիերի պետական գնի մասին։

− Թեկուզ անունը փող, ի՞նչ կառնվի դրանով...

− Երկու բեռ գարի...

− Էդ էլ չես առնի։

− Դե գոնե գինը տային։

− Տային էլ, որտեղից ես ձի առնում։ Մեր գյուղից որ էսքան ձի են պահանջել, դու տես ամբողջ գավառից քանիսն են բերելու...

− Այ աղա, էս հո կարգին զորք ենք,− և դարբնի տղան բարձր կանչեց.

− Սլուշա՛յ... Ափիցեր Աքել Շուղունցով...

− Ա, հերիք տնազ տաս Աքել ամուն։

− Աքել ամիս նեղանալ չի... Դե, շարքով գնացեք, տեսնեմ ով ա ետ ընկել,− ասաց Իվանը և ձին ճանապարհից հանեց։

− Թամամ հաշիվ... Աբրահամի ձին չկա՝ էն ա բազարում, Իսախանենց ձին՝ ոտը գելը ցրիվ ա տվել, մեկ էլ Կոստանդ աղայի սպիտակ ձին...

− Կոստանդը հիմա քնած, ձին էլ ոսկի գարին առաջը... Վեր կկենա, յուղ ու մեղր կուտի, ձին կթամբքի և Կաթնաղբյուր մեզ կհասնի։ Նա հո քո հավասարը չի՞,− ասաց Գիլանց Մուքին։

− Մի հաշիվ չի՞... Էս գլխից հենց նրա ձին են տանելու,− ասաց Սիմոնը և տխուր նայեց Ցոլակին, որ ականջները խաղացնելով գնում էր մյուս ձիերի կողքով։

− Ոնց չէ,− առարկեց Իվանը,− քո Ցոլակը առաջի նոմերը կհանի, նրանը չէ... Թող Շարմաղ հոքիրն ինչքան ասես լաց լինի,− ձայնը տխուր մեղմացրեց Իվանը։

Սիմոնը վրդովվեց։

− Ուրեմն Կոստանդի սպիտակ ձին ու Ցոլակը մի հավասարի են... Նա սպիտակ ձիու արժեքը մի բեռ ոսկի է տվել։ Ես ի՞նչ եմ տվել...

− Էս է, սև ու սպիտակ էնտեղ կջոկվի,– ասաց դարբնի տղան և խոսակցությանը վերջ տալու համար սկսեց պատմել, թե իբրև գերմանացիք պայթեցրել են մի ահռելի պարիսպ և ծովը կապել ռուսների հազար-հազար զորքի վրա...