Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
5

Արևը բավական բարձրացել էր, երբ ձիավորները հասան Կաթնաղբյուր և Գիլանց Մուքու առաջարկով իջան հանգստանալու։ Նրանք ձիերն արձակեցին աղբյուրից ներքև ընկած արոտներում, իսկ իրենք տեղավորվեցին աղբյուրի մոտ և բաց արին ճանապարհի պաշարը։

Այդ աղբյուրը, ուտելու պահանջը, գուցե և այն, որ ճանապարհին հոգնելու չափ խոսել էին պատերազմից, ձիերի հավաքից և օրվա չարիքներից,− այդ ամենը աղբյուրի մոտ նրանց զրույցը փոխեց խաղաղ և սովորական առօրյայի հունով։

Կարծես հունձի ժամանակն էր և ինչպես միշտ, ծփում էին լեռան լանջերի բարձր խոտերը։ Եվ ինչպես ամեն տարի, ահա նրանք ձիերով եկել են սարը։ Հիմա կզրնգան գերանդիները, լորը կթռչի խոտերի միջից և լեռնային կաքավը կկարդա կանաչ սաղմոսը։

Դարբնի տղան հանկարծ նկատեց, որ Շուղունց Աքելը շտապելուց մթնում տրեխները թարս է հագել։ Եվ այդ բուռն զվարճություն պատճառեց մյուսներին։

Նրանց զվարթ ծիծաղը լռեց, երբ Գիլանց Մուքին, որ արդեն ալեհեր ծերունի էր,− բարձրացրեց օղու առաջին թասը։

− Բարի լույս բացվի մեզ վրա և մեզ նման չարքաշ մշակների վրա․․․ Բարով տեսնենք մեր զավակների ազատությունը սրի բերանից։ Ողջություն լինի և արդար լիություն։ Դու մեր սրտովն անես,– և ալեհեր գլուխը դարձրեց դեպի ջինջ երկինքը, կարծես նրա անհուն խորքից մի աչք քաղցր նայում էր այդ խեղճ մարդկանց։

Սիմոնը լուռ էր։ Նա թիկնել էր քարին, թրջում էր հացը պաղ ջրի մեջ և դանդաղ կրծում։ Երբեմն նայում էր արածող ձիերին, որոնք գլուխները չէին բարձրացնում ցողապատ խոտից։ Գյուղի ձիերի հետ արածում էր և Ցոլակը։

Սիմոնը մերթ աչքի տակով համեմատում էր ձիու բարձրությունը մյուս ձիերի հետ և տեսնում, որ Ցոլակը նույնիսկ Գիլանց Մուքու ձիուց էլ կարճ է, մերթ հայացքը գցում էր սարալանջի կողմը։ Եվ դժվարին մտքերը խռնվում էին ուղեղում ու ելքը չէր տեսնում։ Ահա՝ նորից դռանը կչոքի դառն աղքատությունը, վիզը կծռի ուրիշին, որ իր խուրձերը տուն բերեն, որ խոտը սարից բերեն։ Ցոլակին կտանեն և հնձած արտում խուրձերը անձրևից կսևանան...

− Թե Գիլանց Մուքու ձին հավասարվի Ցոլակի հետ... Թե չէ՝ նրանից կարճը չկա...