Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ նա լսում էր բանդուրիստներից և շնորհալի պատմող ծերունի կոզակներից...»։

Իրապատում հիմքերի կողքին Բակունցը նշում է նաև գեղարվեստականության պարագան. «Նրա (Գոգոլի—Ս. Ա.) հանճարեղ երևակայությունը պիտի ստեղծեր և հագենար այն ամենով, ինչ ամենից չքնաղն է «Տարաս Բուլբայի» մեջ. ստեպը՝ արևով ողողված, նրա անսահման հարթությունը, որտեղ Գոգոլի երևակայությունը, ինչպես սանձակոտոր նժույգ, կարող էր անարգել խայտալ. նա կարող էր ճախրել ինչպես հպարտ ուրուր, նա հողմի նման կանցներ Դնեպրի առափնյա եղեգների վրայով, վարար ջրերի հետ, կաղմկեր Սև ծովի վրա և կհրդեհեր ծովը։ Ռուս գրողներից և ոչ մեկը չի թողել այնպիսի էջեր, որտեղ լիներ այդքան արև, այդպիսի սանձարձակ տարերք և այդ տարերքի նման դյուցազուններ»։

Չափազանց մեծ տեղ տալով պատմական փաստերի արժանահավատությանը, Բակունցը նաև այն մտքին էր, որ փաստի կողքին պետք է հնչեցնել դրա ոչ «փաստացի», այսինքն գեղարվեստական հատկությունը։ Այս առումով ցայտուն օրինակներ են վեպի երեք հատվածներն էլ, որոնք, ինչպես վկայում են բաղդատությունները, ունեն փաստերի ամուր հիմք և միաժամանակ ենթարկված են գեղարվեստի օրենքներին։ Կարելի է ասել, որ Բակունցը սկսում է իբրև պատմաբան, բայց այնուհետև «հերքում է» պատմաբանին՝ իր գեղարվեստական խնդիրները լուծելու համար։

Իսկ ո՞րն է նրա գեղարվեստական խնդիրը։

Ուշադիր հետևելով անավարտ վեպի հատվածների ներքին կապերին, դժվար չէ նկատել, որ դիմելով Աբովյանի կերպարին, Բակունցը ցանկացել է հիմնավորել հայ իրականության մեջ այն անհատի հայտնությունը, որը պետք է ազդարարեր ազգային զարթոնքը։

Զարթոնքի ազդարարը, Բակունցի մեկնաբանությամբ, նաև ողբերգական անհատականությունն էր՝ իր գործի հեռանկարների մեջ։

Ողբերգական հերոսի տեսակետի գեղարվեստական յուրացումներն են և՛ վեպի «Դեպի լյառն Մասիս» նախերգանքը, և՛ հայ գյուղի իրադրությունը ներկայացնող «Գործ Մայրանա...» հատվածը, և դորպատյան միջավայրի նկարագրությունները, բոլորն էլ հասցված մշակվածաթյան բարձր աստիճանի։

Բականցի վեպը նորարարական գծեր էր բերում հայոց պատմավեպի շարժման ավանդական ուղղության մեջ, հատկապես ժանրային կառուցվածքի և արտահայտման ձևի տեսակետից։ Հերոսական պաթետիկայի և բարձր հանդիսավորության պատմավեպի 19-րդ դարի ավանդույթին Բակունցը