Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրապարակի բոլոր զինվորները և նրանք, որոնք նստել էին դագաղի նման նեղ սեղանի շուրջը։

Ահա հասավ գետափի խուլ փողոցը։ Այնտեղ էլ ձիեր կային, նրա նման գյուղի մարդիկ, յուրաքանչյուրն իր ձիու սանձից բռնած և ստրուկի հեզությամբ իր հերթին սպասող։ Նրանք տեսան փախչող ձիավորին և ոմանք կարծեցին, թե ահից սարսափած ձիավորը փախչում է դեպի հեռվի լեռները, ինչպես կփախչի պարտվածը դեպի փրկության բերդը։

Հոգնած ձին մտրակի հարվածից մի քիչ արագացնում էր քայլերը, ապա նորից գնում բեռան տակ մեծացած գյուղական ձիու ծանր քայլերով։

Ահա ետ մնաց վերջին տունը և բացվեց կարտոֆիլի դաշտը։ Սիմոնը դանդաղեցրեց ձիու ընթացքը և շունչ քաշեց։ Նրան քաղաքի սահմանից դուրս ավելի հեշտ թվաց։ Այն հեռվի լեռներից, որոնց լանջին իրենց գյուղն էր, մի անապական զով զարկեց նրա քրտնած դեմքին։

Սիմոնը ծռվեց դեպի աջ, գետը տանող նեղ ճանապարհով։ Ձին զգաց գետի սառնությունը և առանց մտրակի արագացրեց քայլերը։

Գետակի հունն իջնելուց առաջ Սիմոնը երկյուղով շուրջը նայեց և տեսավ, որ ամայություն է։ Միայն ներքևը, ուռիների ստվերում ննջում էին կովերը։ Ու երբ ծարավ ձին գլուխը կռացրեց ջրի վրա, Սիմոնը ցած թռավ, սանձն ամուր կապեց ձիու առաջին ոտքից ե սկսեց հետևի ոտքերը կապոտել։

Ցոլակը կուշտ խմելուց հետո փորձեց գլուխը վեր հանել, բայց չկարողացավ։ Եվ մռութը հնազանդ ու մունջ նորից կախեց գետի կապույտ ջրերի վրա։

Սիմոնն անսովոր արագությամբ ձիու համետը հանեց։ Արևի տակ փայլփլեց ձիու ողորկ և գեր մեջքը։ Ապա նույն արագությամբ կռացավ և գետնից վերցրեց մի չեչաքար։ Երբ առաջին անգամ նա չեչաքարը Ցոլակի մեջքին քսեց, ձին հովություն զգաց, խաղացին նյարդերը և հաճելի գրգիռից մեջքի մաշկը դողդողաց։

Ապա հանկարծ ձին մեջքին զգաց ծակծկոց։ Ձին փորձեց հեռանալ, բայց չկարողացավ, որովհետև ոտքերն իրար պինդ կապված էին։ Նորից փորձեց գլուխը վեր հանել, դարձյալ չկարողացավ։ Իսկ ցավը հետզհետե սաստկանում էր, որովհետև Սիմոնը հուսահատ կատաղությամբ չեչաքարը քսում էր նրա մեջքին։ Մի քանի րոպեից մաշկը պլոկվեց և արնոտեց քարը։

Ցոլակը տնքում էր, պոչն ուժգին խփում այս ու այն կողմ, գավակն