Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զինվորները ձիու սառած մարմինն իջեցրին փշալարից։ Բժիշկն արձանագրություն կազմեց և վերադարձավ սեղանի շուրջը, որպեսզի նույն գորշ տաղտկությամբ շարունակեն գործը։

Սիմոնը յուրայիններին նույն տեղը չգտավ։ Նրան ասացին, որ արդեն իրենց գյուղացիներին կանչում են։ Եվ բազմությունը հրելով, ձին հետևից՝ հասավ հրապարակը, որի մի կողմը կանգնել էին դարբնի տղան, Գիլանց Մուքին, Աքելը և մյուսները։ Գրագիրը կարդում էր անունները։

− Այ մարդ, ո՞ւր կորար, քիչ մնաց քեզ շտրաֆ անեն։ Ասացինք հրես կգա։

Ամենից առաջ Շուղունց Աքելին կանչեցին։ Դողդողալով նա առաջ անցավ, մի անգամ էլ ետ նայեց համագյուղացիներին, կարծես նրանց ներկայությունը հուսադրում էր նրան։

Մոտեցան և զննեցին նրա ձիուն։ Ու մեկ էլ զինվորները վրա տվին, ձիու համետն արձակեցին և շպրտեցին Աքելի կողմը։ Ձեռքը վերևից հայտնեց վճիռը։ Զինվորները քաշեցին ձին։ Աքելը հրապարակում մնաց մի րոպե, նայեց ձիու հետևից և անխոս վերադարձավ, մեջքին ձիու համետը։

Դարբնի տղան սրախոսեց.

− Ափիցեր Աքել Շուղունցով,– բայց ոչ ոք չծիծաղեց։ Դարբնի տղայի ժպիտն այլանդակ կծկվեց և դեմքի վրա սառեց, որպես դառնություն կնիք։

Հետո Ռոստամենց ճակատը նշան ձին տարան։ Գնաց և տերտերի ձին։ Ժամհարը գլուխը կախ եկավ։

− Հիմա ես տերհորն ի՞նչ պատասխան եմ տալու...

Չորրորդ հերթը Կոստանդինն էր։ Գյուղացիները զարմացան, երբ լսեցին նրա ազգանունը, որովհետև Կոստանդը նրանց մեջ չկար։ Դարբնի տղան նկատեց, որ սեղանի շուրջը նստողների մեջ ինչ-որ փսփսոց ընկավ։

Հրապարակի մյուս կողմից երևաց Կոստանդը՝ լղար, մեջքը փոս ընկած, մոխրագույն մի ձի հետևից։ Թվաց թե նույնիսկ չնայեցին նրա կողմը և ձեռքը վերևից նշան տվեց, որ Կոստանդն ու ձին հեռանան հրապարակից։

Այդ այնքան արագ կատարվեց, որ գյուղացիներից շատերը չհավատացին իրենց աչքերին, թե այդ «խեղճ» գյուղացին Կոստանդ աղան