Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«հակադրեց» վեպի մի նոր կառուցվածք, ուր նախորդների պատմական ընդգծումներին և մասշտաբային պատկերումներին փոխարինում են հոգեբանական սուզումները և «կյանքի հոսանքի» պատկերագրումները։

«Խաչատուր Աբովյան» վեպի բեկորները վկայում են հազվագյուտ գրական վարպետություն և ոսկերչական նրբության հասած լեզվա-ոճական մշակույթ։

Ավ. Իսահակյանը 1934-ին գրում էր. «Նրա ստեղծագործությունների վրա,—թեև որոշ չափով ազդված Կնուտ Համսունից,—անհատական կնիքն է դրված, այնքան թարմ են և ինքնուրույն, և զգացված ամեն մի պատկերն ու արտահայտությունը։ Զեղուն, խորունկ լիրիզմով տոգորված են նրա պատմվածքները, առանց ոտքի տակից կորցնելու իրականության հողը, և նրանց վրա ծփում է բնության մեծ Պանի հզոր շունչը։

Զարմանալի գեղարվեստական-օրգանական կերպով կատարված է նրա ստեղծագործության մեջ ենթակայականի և առարկայականի ներդաշնակ ձուլումը։ Հզոր է Ակսելի մեջ բնապաշտական (պանթեիստական) զգացողությունը։ Նա ապրում է, զգում է հողը, տարերքը, եղբայրական մի բարությամբ համակված է դեպի բույսերը, թռչունները, կենդանիները...»։

Թափ առնելով ազգային բնապաշտության մեծահարուստ ավանդներից, որի սկիզբը հասնում է մինչև Խաչատուր Աբովյան (իսկ եթե վեր տանենք դարերի ծածկոցները՝ մինչև Գր. Նարեկացի և Կոստանդին Երզնկացի), և այդ ավանդները համադրելով իր իսկ ներաշխարհում խոր նստվածքներ տված բնության անմիջական, «փորձային» տպավորություններին, Ակսել Բակունցը վերստեղծեց բնության իր արվեստանոցը, դրա մեջ տեղադրելով աշխարհի և մարդու կապերի իր յուրօրինակ պատկերացումները։ Կարելի է ասել, որ նա բնության մեջ մոդելավորեց իր կյանքային կոորդինատները, բնության մեջ «ծրագրեց» աշխարհի իր փիլիսոփայական կառուցվածքը, իր, այսպես ասած, «հոգեկան տիեզերքը»։

Իրապես, Բակունցը հափշտակված է եղել Կնուտ Համսունի երկերով, հատկապես «Պանը» պոեմ-վիպակի իսահակյանական թարգմանությամբ, որոշակիորեն կրել է նրա նրբահյուս, թավշային, հեքիաթային ոճաձևերի ազդեցությունը, բայց ինչպես պարզում է Բակունցի երկերի գաղափարախոսական «կտրվածքը», նրա աշխարհայացքը ավելի ազգային-հողային ներշնչանքների ծնունդ է, քան օտար գրականության պատվաստ։