Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է իրանը օրորելով, աչքերի առաջ մեռած մառախուղ և մառախուղի մեջ անիրական մի աշխարհ։ Մեր ծանոթներից մեկը, որ մասնագիտությամբ բժիշկ է, տպագրության համար պատրաստ ունի մի գիտական շարադրություն, որով ապացուցված է համարում մի առանձին՝ նրա տերմինով ասած՝ «էրիմենյան ախտի» գոյությունը և միանգամայն գիտականորեն բացատրում է այն պակասությունները, որ հատուկ են այս փողոցի սիրահարներին։

Կարող ենք թեթևակի պտույտ անել մեր քաղաքի մի քանի փողոցներում, որպեսզի համոզվենք, որ քաղաքի փողոցներից ոչ մեկը չունի այն առանձնահատուկը, միակը և անկրկնելին, ինչ որ այս թյուրիմացաբար փողոց կոչվող տարածությունը։

Քաղաքն ունի Կույր փողոց, որ վերջանում է այգիների ճանապարհով. Տպագրիչների փողոց, որտեղ մեծ մասամբ ապրում են պղնձագործ արհեստավորներ. Բաղնիքի փողոց, ուր երկու ատամնաբույժ կա և պարսկական հին բաղնիսից մնացել է միայն մի խոր գուբ, որ հետզհետե լցվում է բակերի աղբով։ Կան փողոցներ, որոնց բնակիչները տառապում են հարատև հարբուխով, լռակյաց և տխուր մարդիկ են, ինչպես գերեզմանափորները և ժամագործները։ Կան զարմանալի փողոցներ, որոնք ունեն ցածր դռնակներով պատեր և երգող ջրեր։ Կանուխ է իջնում մութն այդ փողոցներում և խավարն ավելի թանձր է, քան հարևան փողոցում, որտեղ գիշերային ժամերին կարելի է տեսնել արթուն և զվարճացող բնակիչների։ Պատահել է մեզ տեսնել հին փողոցներ, որտեղ ամեն քայլափոխի մի բան գրավել է մեր անզբաղ ուշադրությունը։ Մի տափակ կտուրով տան ամբողջ ճակատը զարդարված է գունագեղ աղյուսներով, որոնց համակարգության մեջ կա թաքնված իմաստ, մի ուրիշ տուն ունի երազային պատշգամբ, կապույտ ճաղերով և թվում է, թե ահա ցածր դռնակը կբացվի և նշաձև աչքերով մի աղջիկ դուրս կգա պատշգամբ, և, ինչպես երազ, նորից կանհետանա։ Ահա մի գետնափոր տուն, որ դրսից լուսամուտ չունի և գորշ պատի մեջ չի երևում դուռը։ Կարծես դեղնած այգիներում ամայի հնձան է, որտեղ այլևս չկա ո՛չ միրգ, ո՛չ երգ։ Սակայն գետնի տակից լսվում է երեխայի լաց, և գետինը թնդում է փայտե օրորոցի զարկերից։ Ու չքանում են պատերը, տեսնում ենք մորը՝ կռացած օրորոցի վրա, և մոռացված մի երգ օրորում է ձեր մանկությունը։ Ահա մի ուրիշ փողոց, որի միջով գնում է բարակ գետը։ Տները գետափին են և շատ պատշգամբներ կախված են ջրերի վրա։ Տնից տուն կամրջակներ են, որ գարնան հեղեղին բարձրացնում են վեր։ Ի՜նչ քաղցր է զով գիշերը քնել ջրերի վրա կախված պատշգամբում,