Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լսել ջրի ձայնը և զգալ գետի հունով սարերից իջնող հովը։ Իսկ եթե պատշգամբի վրա շողք է գցել դեղձենին և նրա ստվերի միջով ջրերի մեջ լողանում են աստղերը, իսկ եթե գետի մյուս ափին, կավե պատի հետևը, քնել է մի աղջիկ, ինչպես եղնիկը անտառի խաղալի վրա...

Այդ փողոցից կարելի է մտնել մի ամբողջ քաղաք, քաղաքի մեջ քաղաք, բազմաթիվ խճճված անցքերով, ինչպես մրջնոցը, մանվածապատ և բոլորովին նեղ փողոցներով, որոնցով հազիվ է անցնում պաղպաղակ վաճառողի սայլակը,− կավե տների և կիսաչոր չինարների մի լաբիրինթ, որտեղ խլրտում է արհեստավորների ու մանր տնատերերի մի ահռելի բազմություն։ Այստեղ մի տուն կքել է ռադիոյի կայմի ծանրության տակ, մի ուրիշի փոքր դռնակին կպցրել են թիթեղի կտոր՝ «Նորոգեմ պրիմուս», իսկ տերը մտել է կիսաքանդ պատի ճեղքը։ Այս փողոցներում ապրում են ամենաօրինապահ և միլիցիոների կարգադրությունը երկյուղած բարեխղճությամբ կատարող քաղաքացիներ։ Երբ քաղաքի կենտրոնական փողոցներում դեռ նոր են կախում տոնական դրոշները, այս թաղի տների վրա արդեն ծփում է դրոշակների ծովը։ Ու թեև երիտասարդները գլխավոր փողոցներից լուր են բերում, որ տոնը վերջացել է, այստեղ դրոշակները դեռ ծածանվում են, մինչև գա ինքը՝ հերթապահ միլիցիոները և կարգագրի, որ հանեն դրոշակները։

Բայց կան և լուրջ փողոցներ՝ քարակոփ տներով և մայթերը սալհատակ։ Այդ փողոցներով անշշուկ սուրում են շքեղ ավտոներ, այնտեղ ծառերն անգամ միահավասար և միանման են ու չեն շարժվի ամեն պատահական քամուց, մինչև չշարժվի ծայրինը, և սոսափը, որպես հրաման, չանցնի սաղարթից սաղարթ։ Նրանց գրանիտե քարերը զրնգում են գեղեցիկ նժույգների դոփյունից և ներշնչում ակնածալի պատկառանք։

Մենք ակամա շրջեցինք քաղաքում՝ Տպագրիչների փողոցից մինչև գետափը, եղանք ասիական թաղի լաբիրինթում, տեսանք այն խաղաղ փողոցի երազային պատշգամբը, նույնիսկ հասանք այն փողոցը, որտեղ կան վանդականման տներ և պատուհաններ, որոնց հետևից, երբ լուռ է փողոցը, կարելի է լսել աղջկա սրտամորմոք երգ և դռան ճեղքից տեսնել արևելցու գեղեցիկ բակը՝ վարդենիներով, որոնց վրա դեռ կարմիր են վարդերը, երբ թափվում է առաջին ձյունը։ Մենք եղանք և այն փողոցներում, որտեղ չկան բարդիներ և որտեղ գրանիտե հունի մեջ գնում են ջրերն առանց խոխոջի, առանց շառաչի։ Բայց այդ փողոցներից և ոչ մեկի չի կազմում քաղաքի հպարտությունը և մեր նկարագրության առարկան։ Ավելին, նրանք բոլորը փողոց են, հաղորդակցության անոթներ,