Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արտերից,− այդ բոլորն ինձ չավանդեց իմ ընկեր Ավագը, կամ գուցե և պատմեց, սակայն իմ հիշողության մեջ ժամանակը խունացրեց այդ պատմության պայծառ գույները։ Եվ հիմա, երբ գրում եմ նրա մասին, որին չեմ տեսել, ես իմ ընկերոջ պատմածից հիշում եմ այն, որ Երանի Սեթը գյուղի ամենալավ սերմնացանն էր։

Այս կողմերում Արաքսը գարնանը ելնում է իր ափերից, վարար ջրերը տիղմ են փռում լայն տափարակի վրա և առափնյա եղեգնուտները դառնում են կանաչ կղզիներ։ Սերմնացանը ցանում է սերմը, երբ ետ են գնում ջրերը և գետնին նստում է թաց տիղմը։ Նա հանում է ոտքերը, մինչև ծնկները վեր քաշում և փայտյա կոտը պարանոցից կախ գնում է օրոր և հավասար քայլերով։ Գնում է և աջ ձեռքով լիաբուռն վերցնում ծանր հատիկները, որ մի վայրկյան շողում են արևի տակ, ինչպես ճնճղուկների երամը, և ծանրությամբ ընկնում հողի մեջ։

Ահա այդպիսի սերմնացան էր Սեթը, հողի մշակ։ Ուներ մի մայր, մի հին տնակ, երկու բարդի, որի կատարին ամեն տարի ծանոթ արագիլը նորոգում էր բույնը և պառավ Երանի համար բերում գարնան խնդություն, ինչպես մյուս արագիլները գյուղի մնացած տների համար։

Երբ արագիլը տղմուտ հողերում այլևս գորտ չէր բռնում, ուրեմն ետ էին գնացել Արաքսի ջրերը և ժամանակն էր, որ Սեթը կախեր կոտը, սերմ ցաներ, իսկ մայրը ելներ փորելու բակի մարգերը, որոնց կեսը փչացնում էին հարևանի հավերը, իսկ սոխի մարգում պառկում էր իր՝ Երանի կատուն։

...Այս ամենապարզ պատմությունն է, ամենից հասկանալին։ Գյուղը դաշնակների թիկունքում, գյուղում գաղտնի պատրաստություններ ապստամբության, երբ հարավից արշավեր կարմիր հեծելազորը։ Ահի գիշերներ, բռնություն, վախ, կողոպուտ։ Գիշերներ, երբ դեպի դիրքերն էին քշում սովահար մի բազմություն, երբ դիրքերից ետ էին փախչում նրանք, որոնք ուզում էին քրտինք թափել հողի վրա, արտերը ջրել և ունենալ խաղաղություն իրենց խեղճ խրճիթներում։

Երբ գյուղում հարավից լսեցին թնդանոթի առաջին որոտը, և նահանջող թշնամին ետ դարձրեց ձիերի գլուխը, թշնամու թիկունքում պայթեց ապստամբությունը, որպես արձագանք այն առաջին որոտի, որ խրճիթներին ավետեց ազատություն դաշնակցական գերությունից։

Արև էր, էլի արագիլներ կային և յուղոտ փայլով արևի տակ շողում էր արգավանդ տիղմը։ Հանկարծ գնդակների տարափ տեղաց եղեգնուտների կողմը, որտեղ սպիտակ ձիավորների դեմ ամրացել էին մի խումբ ապստամբ գյուղացիներ։