Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անկյունում դրոշներն էին, որոնք հսկումի էին կանգնել մի պարզ և արդեն կարմիրը մաշված դրոշակի, որի վրա նույն անպաճույճ մուրճն էր ու մանգաղը, ինչպես քանդակել էին դռան ճակատին։ Այդ ապստամբության առաջին դրոշակն էր, որ պարզեց գյուղը, երբ հարավից որոտաց ազատության առաջին թնդանոթը։

Դուռը բաց էին անում, ներս էր մտնում նոյեմբերյան քամին, օրորվում էին եղեգները, նվազում և ապա բռնկվում էր ճրագների լույսը և ծփում էին դրոշակներըը։ Ինչպես հին զինվոր, որ խանձվել է ահեղ մարտերում, ապստամբության խունացած դրոշակը կարծես մեղմ շշունջով ավանդում էր ոսկեզօծ նորերին այն պայծառ օրերի դաժան պարզությունը, երբ իրեն բարձրացրին հողի մշակները, որպես փրկության փարոս և ապստամբության նշան, ինքը փողփողաց խրճիթների վրա, լսեց գնդակների մետաղաձայն աղմուկը, տեսավ առաջին զոհերի արյունոտ մարմինները և, երբ պղնձե փողերը հնչեցին թաղման նվագը, խոնարհվեց նրանց գերեզմանների վրա։

Բեմի մարդկանց հետաքրքրության առարկան այն նոր վարագույրն էր, որ քաղաքից նվեր էին բերել երկու երիտասարդ բանվոր։ Նրանք վերևից ամրացրել էին վարագույրը, մնում էր, որ ձգեին պարանը և վարագույրը ծալվեծալ իջներ։ Սակայն այդ հանդիսավոր րոպեն թողել էին վերջը, երբ կհավաքվեին բոլորը և իրենք՝ քաղաքից եկած երիտասարդները խոսք կառնեին ողջույնի և կասեին իրենց այդ, ինչպես և մյուս նվերների մասին։

Դռնակը նորից բացվեց, մեկը լուցկի վառեց քարե աստիճանները լուսավորելու և մի ամբողջ խումբ իրար հետևից ներս մտան։ Լսվում էր ծանր կոշիկների դոփյուն, ապա նրանք դուրս եկան մթնից և հանդիսականները նրանց մեջ տեսան մի անծանոթ մարդու, որ հասարակ շինել էր հագել և ձմեռային գլխարկ։ Նա խարխափելով էր գալիս, որովհետև ներսի տաքից գոլորշի էր նստել ակնոցի հաստ ապակիներին։

Մյուսների հետ այդ մարդը բարձրացավ բեմը և նրանք, որոնք զրուցում էին կամարների տակ, առաջ եկան ու խիտ նստեցին, այնպես որ վերջի շարքերը հազիվ էին նշմարվում։ Նա սրբեց ակնոցը և հետաքրքրությամբ նայեց շուրջը։ Աղավնիները լուսավոր բեմից և այդքան մարդկանց աղմուկից անհանգիստ թպրտացին կտուրի տակ, մի քանիսը ճախրեցին լույսերի և մարդկանց վրա, ապա կորան մութի մեջ։

Մարդը ժպտա՞ց աղավնիների թպրտոցի վրա, թե՞ ջերմություն զգաց և հստակ ձայնով սկսեց իր պարզ զրույցը։

Լսե՞լ եք դուք այն արթուն խոսքը, որ հոսում է, ինչպես իմաստուն