Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ակսել Բակունցն իր ամբողջ ներքին էությամբ դիմադարձ լինելով բնությանը, նրա մեջ տեսավ, առաջին հերթին, մարդու դաշնակցին, մարդու ուսուցչին, բարոյական դասերի խորհրդատուին, մարդու ամենահարազատ, արյան պես հարազատ տարերքը։ Բնության բակունցյան աշխարհայացքն անի մի քանի առանցքներ, այսպես ասած՝ էպիկենտրոններ։ Դրանցից մեկը հայացքների կոսմոգոնիական-պանթեիսաական ուղղությունն է, որով Բակունցը ընդհանրության եզրեր է հայտաբերում Մարտիրոս Սարյանի գեղանկարչության հետ, որ վաղ շրջանի «Հեքիաթներից» սկսած մինչև ամենավերջին շրջանի «նատյուրմորտային» վրձնահարվածները, աշխարհը ներկայացվում է իբրև ֆանտաստիկական, զարմանահրաշ տեսիլքների մի անսահման շղթա, իբրև կերպարանափոխությունների պեսպեսության և տարասեռ մասերի ներքին կարգ ու համաձայնություն։ Այդպիսին էր նաև Բակունցի ընկալումը՝ մարդուն իբրև տիեզերքի մաս և շարունակություն դիտելու նրա հայացքը, որով էլ թերևս բացատրվում է երկու մեծ արվեստագետների խոր, ներքին համակրանքը միմյանց հանդեպ (դրա արտահայտությունն էր Ա. Բակունցի և Մ. Սարյանի համատեղ այցելությունը Գորիս՝ գրողի ծննդավայրը՝ 1934-ին, այն այցելությունը, որը պսակվեց մի շարք զանգեզուրյան բնապատկերներով և Բակունցի մոր՝ Բոխճագյուլի դիմանկարով)։

Առանցքային մոմենտ է Բակունցի ստեղծագործության մեջ պարբերաբար երևացող անտրոպոմորֆիզմի ժողովրդական տարբերակը՝ բնության երևույթների մեջ հոգեկան գծեր տեսնելու նրա առանձնակի վերաբերմունքը։ Այդ հայացքի դասական ներշնչանքն է, օրինակ, «Միրհավը» պատմվածքը, ուր այնպես են նկարագրված այգին, հնձանը, արնակոլոլ միրհավը՝ իր ոսկեփետուրներով, որ դրանք երևում են մարդու կերպարանքով և ասես թե ամբողջացնում են Դիլան դայու հոգեկան աշխարհը։ Առանց «մարդակերպ» բնության այդ աշխարհը կլիներ թերի։

Բնապատկերային գեղանկարչության հազվագյուտ ձիրքի ուժով Ակսել Բակունցը վերարծարծեց ազգային բնությունը՝ իր հողերով, լեռներով, ծառ ու ծաղկունքով, երկնքով ու ամպերով, անձրևներով ու ամպրոպներով, անտառներով ու մարգագետիններով, թռչուններով ու կենդանիներով, բնության մյուս տարրերով։ Եվ այդ ամենը նա մատուցեց ոչ թե իբրև սոսկական վերատպություններ, այլ անհատական և փիլիսոփայական վերաբերմունքով, ժանրային տարբեր ձևերի ու ոճերի մեջ։

Ակսել Բակունցին ձոնած իր հայտնի բանաստեղծության մեջ Եղիշե Չարենցը գնահատական-բնութագրությունների կազմում առաջին տեղը