Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրամայեց տափարակի վրա կառուցել սպիտակ քարե զորանոցը, Հյումբաթի ձորի աստղը թեքվեց։

Գետի կամրջով գյուղից հեռացավ նա, ով ոսկի ուներ, և երբ բարձրացան մելիքների ջրաղացի գլուխը, մի անգամ էլ նայեցին հսկումի կանգնած ժայռերին, քոչը վայր դրին սպիտակ զորանոցի մոտ և տափարակի վրա փորեցին նոր տների հիմքը։

Այսպես առաջացան քաղաքի տները։ Եվ ուղտերը, որոնք Քիրմանի շալ բարձած, ծանր հակերի տակ տնքալով չոքում էին Հյումբաթի ձորի հրապարակում՝ փոքրիկ կրպակների առաջ, իրենց գլուխները սպիտակ զորանոցի կողմը դարձրին և շամբուտները կոխելով մտան քաղաքի առաջին փողոցը։

Այդ օրից սկսվեց և Հյումբաթի ձորի արնաքամ լինելը, որովհետև քաղաքը նստում էր կոկորդին, տները փռվում էին ամենալավ հողերի վրա, աղբյուրի ակունքից ամենից առաջ ջուր էր խմում քաղաքը։

Հյումբաթի ձորի հին կրպակները հիմա էլ մնում են, կիսով չափ խանգարված, պատերը խարխուլ, կտուրների վրա կանեփի փարթամ թփեր։ Նեղլիկ փողոցներում, ուր աջ ու ձախ հին խանութների հետքերն են, մելիքների շուկան, հիմա անցուդարձը քիչ է։ Լծից բեզարած մի եզ գործից դառնալիս գուցե վիզը քսի կրպակի սուր անկյունաքարին, վիզը քորի այնտեղ, ուր գունավոր շալի հոտը բուրում էր, որպես Իրանի սաբզա։

Սպիտակ զորանոցն այն ապահով վայրն էր, դեպի ուր մելիքների ջրաղացի ճամփով գնում էին կրպակների տերերը, քաղաքում մեծ խանութներ բացում, խանութների փեղկերը ներկում, ոսկետառ ցուցանակներ կախում և ոսկիները հողե կճուճների մեջ դարսելու փոխարեն պահ տալիս բանկին։

Վաղուց արդեն համարձակ մի սովդաքյար բացել էր մեծ քաղաքները տանող ճանապարհը և առաջին ապրանքի հետ ուրախ լուր էր բերել Մորոզովից ու Ցինդելից։ Վերջին մելիքները հագան Մոսկվայից բերած գուլպաներ և նրանց ջրակալած աչքերը աեսան, թե ինչպես կամարակապ ախոռում ձմռան գիշերին վրնջում է ձին, գարու մեջ փնտրում մելիք Բախտամի քիշմիշը։

Բերդի քարերը մեկ-մեկ ընկան, երբ աափարակի վրա բարձրացան սպիտակ զորանոցի պատերը։ Մելիքների բանտում սարդը ոստայն հյուսեց, ժանգը դեղին սերմեր մաղեց բանտի երկաթ բանալիների վրա։ Մելիք Բախտամի վերջին ժառանգը մեռավ հեռու մի քաղաքում, որպես ռուսական գնդի հրամանատար։