Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրավացիորեն տալիս է Բառին. «Եվ բառերի համար քո մարմարյա, հնամենի, բուրյան, որպես մեր հին քարաքանդակ մատուռների անշնչելի գրերը հնադարյան...»։

Թեև ամբողջովին թաթախված ազգային գրականության դարերից եկող ավանդների շնչով, Ակսել Բակունցն, այնուամենայնիվ, ասպարեզ էր մտել նաև «նոր արձակի», արտահայտման նոր լեզվի բարենորոգչական ծրագրերով։ Նրա առաջ, բնականաբար, ծառացավ բարենորոգումների հիմքի ու հիմունքների խնդիրը։

Հազվագյուտ մի թափանցումով «նոր արձակի» արարման հիմքը նա համարեց ոչ թե ձևաստեղծումը, «արհեստի հնարանքները», գրելակերպի տեխնիկան, այլ բառը՝ դրա հետ կապելով արձակի մյուս տարրերի, կառուցվածքային-ոճային խնդիրների հիմնավորումները։ Ոչ թե բառարանային լուռումունջ, չեզոք ու անշարժ բառամիավոր, այլ ժողովրդական խոսքի կենդանի տարերք։

Իրապես, Բակունցի լեզուն հայ գեղարվեստական գրականության լեզվի մեծ շղթայի կարևոր օղակներից մեկն է, բնաշխարհիկ ոգու և շնչի, ժողովրդական լեզվամտածողությանը լիովին ստորադաս մի մշակույթ։

Լինելով ռեալիստական հայ արձակի բարձր աստիճանի՝ «սինթեզների ռեալիզմի» գեղագետը, Բակունցը մարդու և միջավայրի ռեալիստական զննումները շրջանակում է մի «ռոմանտիկական շեղումով», որի բուն իմաստը հիանալի է ձևակերպել Ավ. Իսահակյանը՝ «այնպես նուրբ են, կարծես հեքիաթ ես լսում, երազ ես տեսնում, այնպես կախարդորեն հալվում են իրար մեջ անցյալն ու ներկան, որ հուշը դառնում է ներկա և իրական ներկան դառնամ է երազ»։

* * *

Հայ գրականության պատմության էջերում Ակսել Բակունցի համար շատ կային նվիրական, սիրելի անուններ. 5-րդ դարի պատմագիր Եղիշեից մինչև 20-րդ դարի մեծ բանաստեղծ Եղիշեն նրան բաշխել են իրենց հոգու լույսն ու ժողովրդանվիրումի սրբազան պատգամները, ժողովրդագիտության ու հայրենասիրության դասերը։

Չնայած «հայոց մեծերի» բերած նպաստին, Բակունցի համար ամենապաշտելի կերպարը եղել է ազգային ինքնության գյուտարարն ու ազգային վերածնության համբավաբերը՝ Խաչատուր Աբովյանը, որի վառած