Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասնող ընդարձակ տափարակը, գյուղերն ու քաղաքները, որ ցամաք դաշտում կանաչ պարտեզների էին նման, երկաթուղու սպիտակ կայարանները, անբաժան ակացիաներով ու բարդիներով։

Ես և ընկերս նստել էինք քարին, հիացմունքով դաշտին էինք նայում և փորձում գտնել ծանոթ գյուղերը։ Արևը կախ էր ընկել մայրամուտի կողմը։ Սարից զով քամի էր փչում, ողջ դաշտը ողողված էր արևի լույսով և արծաթի հալոցքի նման պսպղում էր ոչ միայն Արաքսի օձանման հոսանքը, այլև մի քանի փոքրիկ լճակներ ու գյուղական առուներ։

Մեր հետևը Մաղդան էր՝ տափարակ կտուրներով նոր տներ կանաչների մեջ։ Երկու կին կտուրների վրա ցորեն էին քամում։ Օդը ջինջ էր և թափանցիկ. արևի տակ փայլփլում էին ցորենի քիստերն ու թեփը, երբ ոսկեգույն փոշու հետ խառնված ցորենը կանայք մաղում էին և օրորվում։

Մեզնից մի քիչ հեռու արտերն էին։ Ոտքերը վեր քշտած մի մարդ ջուր էր տանում։ Լսում էինք, թե ինչպես էր բահը զրնգում, երբ խրվում էր ավազոտ հողում։ Ձորակից երգի ձայն էր լսվում.

Կռունկն իջել է գյոլին․․․
Յարս ման կգա չոլին...

Երգը մերթ ընդհատվում էր, մերթ շարունակվում։ Ընկերոջս հետաքրքրությունը շարժեց այդ։

− Ի՞նչ անելիս կլինի էն երգողը,− հարցրեց նա։ Ես փորձեցի երգի ընդմիջումներից որոշել, բայց չկարողացա։ Ընկերս չհամբերեց, մի քայլ արեց ու նայեց ձորակի կողմը։

− Հնձվոր է,− կանչեց նա։− Հենց որ կռանում է, լռում է․․․

Մեր գլխավերևը՝ բլրակի հետևից լսվեց մի ձայն՝ «հոլե՜, հոլե՜...»։ Մեկը սուլեց։ Ետ նայեցինք։ Ոչխարի հոտը բլուրից իջնում էր։ Մի այծ բարձրացել էր քարի գլուխն ու տմբտմբացնում էր միրուքը։ Բլրակի գլխին կանգնել էր հովիվը՝ մահակին կռթնած։ Կանգնել էր արձանի նման ու նայում էր մեզ։ Երևում էր, որ նա վաղուց է տեսել մեզ։ Ապա սկսեց իջնել։ Հեռվից արդեն նկատելի էր, որ նա կաղում է։

− Ես կաղ չոբան կյանքումս չեմ տեսել,− ծիծաղեց ընկերս։

Հովվի հագին տեղական, թևերը կտրած «փոթ» էր, մորթը դեպի դուրս։ Պայուսակը ցնցվում էր, երբ նա քարից քար էր թռնում։

− Տեսնես էս սարի գլխին նա մեր օրերից ի՞նչ գիտե,− ասաց