Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրեն է։ Զուդր ուղիղություն կասեմ, որ մինչի թուր հարուստի բերան չառնի, պարզ խոսք չի ասի։

«Ընկերներ համոզվեցին, ասին կազմակերպություն սարքենք։ Սարքին. Լենին ասավ, ընկերներ, ուժով կացեք, որ պիտի կռիվ տանք։

«Էդ վախտը թագավոր մի հավատարիմ մարդ կունենա։ Կկանչի էդոր, կասի, որ երթա պտուտ գա երկիր, կուզեր իմանա թե՝ ժողովուրդն ի՞նչ կասի չի ասի թագավորից։ Էդ մարդ յոթ տարի ման կգա, վերջը կգա թե՝ թագավոր, լավ խոսք քիչ իմացա։ Թագավոր թախտից կիջնի, թե ինչ տեսել ես, չես տեսել՝ զմմեն լե պատմի։

«Կասի՝ թագավոր, իմացած եղիր, որ էսպես տսվերկու տարեկան մի տղա, անուն Լենին, քեզ փորձանք կբերի։ Թագավոր վախուց հրաման էտուր, թե տսվերկու տարեկան Լենին քշեք աքսորյան...»։

Արևը թեքվում էր կարմիր ամպի հետևը, իբրև հոգնած հնձվոր, որ վրան է առնում թաղիքը։ Ճկում էին ծտերը, քարից քար թռչում, կարծես չէին ուզում, որ երեկո լինի։

Մուրոն ծուխը խոր քաշելով, շարունակեց․

− Քշեցին աքսորյան, էլի չխրատվավ։ Լենինի ախպեր որ իմացավ, թե պստի ախպեր աքսորյան է, ասավ. էլնիմ էրթամ ինչքան թագավոր կա մորթեմ։ Էդ խաբար լե շուտով հասուցին թագավորին, թագավոր էս անգամ կատաղավ, ոտքը գետին զարկավ, թե բռնեք բերեք, իդա մանչ վի՞ր է։

«Բռնին բերին։ Թագավոր հարցուց, ո՞վ ես, ասավ՝ Լենինի ախպերն եմ, ասավ՝ անունդ ի՞նչ է, ասավ՝ Ալեքսան։ Աս խոսք ասել էր, չէր ասել, թագավոր թուր հանեց զարկեց, արյունը ծով արեց։ Լենին իմացավ, ասավ. «Վա՜յ իմ Ալեքսան...»։ Շատ արցունք թափեց ախպոր համար, բայց էլի ուժովցավ, ասավ՝ ընկերներ, եկեք գազեթ սարքենք։

«Ընկերներ համոզվան, գազեթ հանին, ասին՝ դու ամբողջի գլխավորն էղի։ Լենին ասավ՝ թե կռիվ պիտի տանք, ով զենք չունի, թող առնե, ուժով միանանք, թագավորի վրա քշենք։ Էս էլ որ իմացավ թագավոր, կատաղեց, մարդ ճամփեց, որ աքսորյան Լենինին մորթեն։

«Էս անգամ չքավոր բանվորներ ասին, որ թագավոր մեր Լենին սպանե, հաբա մզի ուղիղություն ո՞վ ցույց կիտա։ Չընքի թորգի, ասին, մենք լե կերթանք կռիվ կիտանք թագավորի վրա։ Լենին ժողովք արեց, նամակ գրեց զմմեն չքավոր բանվորներուն, թե պատրաստ կացեք, էս ֆլան ամիս կռիվ կէրթանք թագավորի վրա։

«Առավ իր ընկերներ, իր զենք կապեց, էդ ֆլան ամիս Լենին էկավ ուռուսի թագավորի պալատ։ Կանչեց՝ ե՛լ, ես աքսորյան Լենինն եմ։